տուն Արցախ Ո՞ւմ եք փորձում մեղադրել զիջողականության մեջ. Վահրամ Պողոսյան

Ո՞ւմ եք փորձում մեղադրել զիջողականության մեջ. Վահրամ Պողոսյան

542
0

«Ազատ հայրենիք» կուսակցության մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր կրկին այցելել էր առաջնագիծ: Թեմային հատուկ չէի անդրադառնա, եթե վերադառնալուն պես չնկատեի հայկական որոշ լրատվամիջոցների բարձրացրած անիմաստ ու անտեղի աղմուկը զիջողականության թեզի վերաբերյալ հայտնի կեղծ տեղեկատվության շուրջ: Ցավով եմ արձանագրում, բայց հայկական մամուլի և քաղաքական ուժերի որոշ ներկայացուցիչների կողմից Արցախի հանդեպ երբևէ այսքան շահարկում չէր եղել: Պատճառն, իհարկե, մեզ համար պարզ է. ՀՀ-ում արձանագրվող ներքաղաքական սուր հարաբերություններն են, բայց չէ՞ որ Արցախի իշխանությունները երբևէ չեն միջամտել ՀՀ ներքաղաքական կյանքին ու դրա ցանկությունն էլ չկա: Մանրադրամի մի՛ վերածեք այն, ինչի մասին ժամանակին կամ պարբերաբար պաթոսով խոսում եք: Արցախը համայն հայության սրբություն-սրբոցն է, որտեղով այսօր անցնում է հայկական պետականությունների ու հայ ժողովրդի ֆիզիկական գոյության առաջնագիծը:

Ո՞ւմ եք փորձում մեղադրել զիջողականության մեջ. այն նախագահի՞ն, ով դեռ անչափահաս տարիքում զենքը վերցրել է ու իր ավագ ընկերների հետ պաշտպանել հայրենիքը, ում ձեռքերում մարտի դաշտում վերջին խոսքերն է շշնջացել նրա հարազատ եղբա՞յրը, ով հարյուրավոր մարտական ընկերնե՞ր է կորցրել, ով, զբաղեցնելով ԱՀ վարչապետի պաշտոնը, հրապարակավ դե՞մ է արտահայտվել պաշտոնապես բանակցային քննարկման թեմա դարձած Մադրիդյան սկզբունքներին, ով, ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը, քաղաքական օրակարգ է բերել Արցախի 1000 քառակուսի կիլոմետր տարածքի վերադարձի հա՞րցը…

Դուք բարոյականություն ունե՞ք: Չէ, չունեք, անգամ ամոթանք տալուն արժանի չեք…

Արայիկ Հարությունյանը մեկ ամսից մի փոքր ավելի է, ինչ արդեն պաշտոնավարում է՝ որպես Արցախի Հանրապետության նախագահ: Լուսաբանված և լուսաբանման ոչ ենթակա խորհրդակցությունները, հանդիպումները, այցերն ու հանձնարարականներն անվտանգության թեմայով, հավանաբար, գերակշռում են բոլոր մնացածի նկատմամբ: Բայց դա ձեզ ու ձեր նեղ քաղաքական շահերը սպասարկողներին հետաքրքիր չէ, քանի որ ձեր խնդիրն իրականում տարբերվում է ձեր կողմից պաթոսով ներկայացվող խնդիրներից:

Վեր կանգնե՛ք նեղ կուսակցական և քաղաքական շահերից, եթե չեք վախենում ազգի անեծքից: Արցախը «մարզ» ու «վասալ» անվանողներ, մի պարզ ճշմարտություն հասկացեք. դուք ձեր այդ պահվածքով չեք հարգում Արցախում ապրող հայության ընտրությունը: Այդ պահվածքը լրիվությամբ համընկնում է թշնամու վարքագծի հետ:

Մեզ միասնություն է պետք, կուռ միասնություն: Ապացուցե՛ք, որ կարող ենք, որ «հայերին հնարավոր չէ հաղթել, նրանց կարելի է միայն պառակտել» պատմական պնդումն ամենևին էլ մեր ժամանակների մասին չէ ասված»: