Արարատի մարզի Դիտակ և Ջրաշեն գյուղերը, չնայած մոտ լինելով Երևան քաղաքին, արդեն մի քանի օր է, հայտնվել են յուրատեսակ շրջափակման մեջ: Վերջին օրերի առատ ձյան պատճառով դժվարանցանելի են այս գյուղերից Երևան տանող ճանապարհները: Գյուղապետարանները չունեն անհրաժեշտ միջոցներ՝ ճանապարհը մաքրելու համար, իսկ Արարատի մարզպետարանը ոչ մի տարի չի էլ զբաղվել այս ճանապարհի մաքրմամբ:
Ինչպես araratnews.am-ի հետ զրույցում ասացին գյուղացիները, երկու օր է իրենք ուշանում են աշխատանքից, ուսանողները՝ դասերից: Նրանք նաև տեղեկացրին, որ այս ճանապարհը հիմնականում մաքրվում է գյուղի ավտոբուսի վարորդի միջոցներով, սակայն միայն նրա հնարավորություններով՝ մեծ աշխատանք հնարավոր չէ իրականացնել:
«Ամեն տարի էլ մեզ մոտ սենց ա` ճանապարհը փակվում ա ու մենակ ավտոբուսի շոֆերն ա մտածում ճանապարհը մաքրելու մասին, բայց ինքը շատ բան չի կարա անի»,- ասաց գյուղացիներից մեկը:
Նրանք հույս էին հայտնում, որ գոնե այս տարի պատկան մարմինները կզբաղվեն այս ճանապարհով. «Մեր վիճակը վիճակ չի` հերիք չի, որ ճանապարհին մի կտոր ասֆալտ չկա` ձմեռներն էլ ձյունն ա փակում մեր ճանապարհը»,- ասաց մեր զրուցակիցը: