Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախարարական համաժողովի օրերին ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն Աշգաբադում հանդիպեց Թուրքմենստանի առողջապահության նախարար Նուրմուհամմեդ Ամաննեպսովի հետ։
Դերենիկ Դումանյանը նախ շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։
Ընդգծելով ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի աշգաբադյան հռչակագրի կարևորությունը` նախարար Դումանյանը նշեց, որ այն նոր ուղեցույց կհանդիսանա այդ ոլորտում եվրոպական երկրների, այդ թվում` Թուրքմենստանի հետ համագործակցությունը սերտացնելու համար։
Դերենիկ Դումանյանն իր գործընկերոջը հանգամանորեն ներկայացրեց այս ոլորտում Հայաստանում առկա իրավիճակը, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը։ Մասնավորապես մանրամասնեց Հայաստանում 2014 թվականից ոչ վարակիչ մի խումբ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ուղղված լայնամասշտաբ սկրինինգային ծրագրերը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց ընդլայնել երկու երկրի առողջապահական համակարգերի համագործակցությունը։
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի և Ուկրաինայի առողջապահության նախարար Ռաիսա Բոգատիրյովայի հանդիպման ընթացքում քննարկվեցին առողջապահության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությունները։ Այդ նպատակով Ռաիսա Բոգատիրյովան Դերենիկ Դումանյանին հրավիրեց Ուկրաինա տեղում ծանոթանալու համակարգի ձեռքբերումներին, ինչպես նաև համատեղ հստակեցնելու հնարավոր համագործակցության եզրագծերը։