Այսօր Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցում նշել է, որ Եվրամիությունն ու Հայաստանն այժմ աշխատում են իրենց հարաբերությունների իրավական նոր հիմքի շուրջ, և հնարավոր է, որ դա լինի ասոցացման մասին նոր համաձայնագիր:
«Արևելյան գործընկերություն» ծրագրի նախաձեռնողներից ու հիմնական ջատագովներից է Լեհաստանը, որի հիմնական նպատակներից էր ավելի կանխատեսելի հարևանության ստեղծումը Արևելյան Եվրոպայում և Եվրամիության հարևան տարածաշրջաններում: Խնդիր էր դրված Ռուսաստանի և Եվրամիության միջև սահմանային երկրներում ստեղծել «անվտանգության գոտի»:
Դեսպանի հայտարարությունը ուղերձ է Ռուսաստանին, որ Եվրամիությունը չի պատրաստվում հեռանալ Հայաստանից: Սակայն հասկանալի է նաև, որ հարցն այստեղ չի վերաբերում զուտ Հայաստանի հետ համագործակցությանը, այլ վերջինս դիտարկվում է որպես հենման կետ նորաստեղծ իրադրությունում քաղաքական շահերի բախումների համար: Իսկ նոր իրադրության առկայությունը այլևս կայացած փաստ է, քանի որ վերջերս գրեթե բոլոր հրապարակային ելույթներում Պուտինը հստակորեն ձևակերպեց ռուսական արտաքին քաղաքական նոր կուրսը: Այս պայմաններում բնական է, որ Արևմուտքը հնարավոր և անհնար բոլոր միջոցներով փորձելու է ստանալ առավելագույն արդյունք «Արևելյան գործընկերության» շրջանակներում: Մյուս կողմից` ուղերձ է հայաստանյան հանրությանը և ոչ իշխանական ուժերին, որ ամեն ինչ ավարտված չէ, և հնարավոր է խուսափել ամբողջությամբ ռուսական վերահսկողության գոտում հայտնվելուց:
Ռաչինսկին, սակայն, ասել է, որ ասոցացման մասին նոր համաձայնագրում չի լինի համագործակցության այն խորությունը, որն ամրագրված էր նախորդում: Բնական է, որ չէր էլ կարող լինել նույն համաձայնագիրը, սակայն չի հստակեցվում նաև նոր համաձայնագրի խորության աստիճանը, հետևաբար հայաստանյան հանրության համար կողմնորոշվելու և իրավիճակը շտկելու տեղ է թողնվում:
Մի բան հստակ է, Եվրամիությունը ունի հստակ շահեր այս տարածաշրջանում և հարմար իրավիճակի դեպքում պատրաստ կլինի կնքել նոր անունով, բայց հնին գրեթե ոչնչով չզիջող համաձայնագիր:
Անահիտ Սարիբեկյան