«Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դ!եմ եմ» նախաձեռնության մամուլի ասուլիսը:
-Օրենքի փոփոխությունը նման է նրան, որ անձը գնա բանկ, դիմում գրի, որ ինքը չի ցանկանում այդ բանկում երբևէ հաշիվ ունենալ: Պատասխանատվության դրույթը ուժը կորցրած ճանաչելով` պետք է ուժը կորցրած ճանաչեին կուտակային օրենքի 8-րդ հոդվածը: Օրենքը սահմանում է, որ մասնակիցների անունից կատարվում են փոխանցումներˋ անկախ նրանց ֆոնդ ընտրելուց: Պետության նման գործողությունների իրավաչափությունը խիստ կասկածելի է: Հաջորդ բացթողումն է, որ Սահմանադրական դատարանի որոշումը հստակ սահմանել է, թե ենթակա են վերահաշվարկման մինչ այդ կատարված կուտակային վճարները: Սակայն դա միայն թղթի վրա է մնացել: Այսօր հնարավոր է դիմել դատարաններˋ նախկինում գանձված գումարները հետ վերադարձնելու պահանջով: Ես արդեն ներկայացրել եմ հայց այս հարցովˋ Կենտրոն-Նորք Մարաշ դատարան: Ի դեպ Բրյուսովի անվան համալսարանից մեզ տեղեկացրել են, որ ռեկտորն ասել է, որ եթե դիմում գրեք, ազատման դիմումն էլ գրեք: Նույնը երեկ ստացանք Հերացու անվան Բժշկական համալսարանից, Նորք Մարաշ բժշկական կենտրոնից, Գրանդ Քենդիից, Չայկովսկու անվան երաժշտական դպրոցից: Ի ուրախություն բոլորիս, Պոլիտեխնիկի գիտական խորհուրդն իրենց կայք-էջում ներկայացրել են դիմումի ձևերը: Սա բավականին ողջունելի է,- ներկայացրեց թիմի անդամ Սրբուհի Ղազարյանը:
-Մարդկանց ասում են՝ ինչի եք դիմում գրում, երկու ամսից սա փոխվելու է: Եթե նույնիսկ մարդիկ հետո էլի պարտավոր լինեն մուծել, բայց մենք պայքարել ենք, ու չի կարելի չընդունել հաղթանակը:Մեզ հաճախ են հարցնում, թե ինչու ենք պասիվացել: Մենք չենք կարող արհեստական պիկեր ստեղծել: Մեր այժմյան պասիվությունն ընդամենը միջանկյալ փուլ է: Օրինագիծը մեզ չի բավարարել, սա կիսագրագետ օրենք է: Պիտի հասնենք նրան, որ քաղաքացին չլինի հակասահմանադրական այս որոշման ընդունողը: Կարևորագույն կետը, որը պիտի լինի օրինագծումˋ գումարների վերադարձն է: Եվ մի բան էլ նշեմ հետագա անելիքների հետ կապված. մենք ինքներս էլ մշակում ենք օրենքի սկզբունքները, որոնք ընդունելի են մեզ համար: Կարող եմ նշել մեխը, որի շուրջ օրենքը պետք է ձևավորվի, միայն կամավորության սկզբունքն է: Կուտակային համակարգը պիտի լինի կամավոր սկզբունքների վրա: Այստեղ ի դեպ կամավոր սկզբունքը հնարավորություն է տալու այնպիսի որակյալ համակարգ մշակեն, որ քաղաքացուն շահեկան լինի մտնել այդ համակարգի մեջ,- եզրափակեց թիմի անդամ Դավիթ Մանուկյանը: