Շատ ենք սիրում ասել, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել: Դեղերի շուկայում, կարծեք, կանգնած ենք հին կոտրած տաշտակի առջև. նույն դեղի համար՝ տարբեր դեղատներում տարբեր գներ: Թանկ դեղամիջոցների պարագային՝ խնդիրն ավելի ակնառու է:
Ինչպե՞ս վերահսկել այս գործընթացը, չէ՞ որ գործ ունենք ոչ թե սոսկ կենցաղային տուրևառության, այլ կենսական խնդրի՝ մարդկային ճակատագրերի հետ:
Խնդրի առնչությամբ որոշակի պարզաբանումներ ստացանք տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից (ՏՄՊՊ):
«ՏՄՊՊ հանձնաժողովը, կարևորելով մրցակության խրախուսումը դեղերի շուկայում և հաշվի առնելով առողջության ոլորտի կարևոր սոցիալական նշանակությունը, պարբերաբար ուսումնասիրություններ է իրականացնում դեղերի շրջանառության ոլորտում: Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում Հանձնաժողովն արձանագրել է խնդիրներ, որոնք դուրս են Հանձնաժողովի իրավասության շրջանակներից, սակայն կարող են իրենց բացասական ազդեցությունը թողնել դեղերի շուկայում մրցակցային միջավայրի վրա և դրանց ուղղությամբ համապատասխան առաջարկություններ է ներկայացրել ոլորտի լիազորներին»,-Araratnews.am-ի հարցմանն ի պատասխան նշեց ՏՄՊՊՀ գլխավոր քարտուղար Աշոտ Վահանյանը:
Հարցին, թե այդուհանդերձ, ինչ միջոցներ է ձեռնարկել Հանձնաժողովը, Աշոտ Վահանյանը մանրամասնեց, որ ՏՄՊՊՀ-ն մշակել և առողջապահության նախարարությանն առաջարկել է իրականացնել մի շարք փոփոխություններ «Դեղերի մասին» օրենքում, որոնց արդյունքում ակնկալվում է, որ կբացառվեն զուգահեռ ներմուծվող դեղերի վրա դրված այն սահմանափակումները, որոնք չեն ազդում դրանց անվտանգության և արդյունավետության վրա:
«Հանձնաժողովի կողմից լիազոր մարմնին ներկայացվել է առաջարկություն՝ դեղերի մեծածախ և մանրածախ գործընթացները տարանջատելու նպատակով, ինչը դրական ազդեցություն կունենա մրցակցային միջավայրի վրա»,- ընդգծեց ՏՄՊՊՀ գլխավոր քարտուղարը:
Միաժամանակ, նրա հավաստիացմամբ, Հանձնաժողովը, համագործակցելով ոլորտը կարգավորող լիազոր մարմնի և ԵԱՏՄ անդամ երկրների մրցակցային մարմինների հետ, ներկայում ուսումնասիրություն է իրականացնում դեղերի շրջանառության ոլորտում: Դրա շրջանակում, ըստ պաշտոնյայի, նախատեսվում է իրականացնել համապատասխան գործողություններ՝ առաջին անհրաժեշտության դեղերի գների իջեցման ուղղությամբ:
Արա Ալոյան