1991 թվականի սեպտեմբերի 21 –ին Հայաստանի քաղաքացին կայացրեց իր հստակ որոշումը իր երկրի զարգացման հետագա ուղեգծի վերաբերյալ: Անխոս այս օրը տոն է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների, գուցե և աշխարհով մեկ սփռված հայության համար, համենայնդեպս այդպես պետք է լիներ: Սակայն անկախությանն «այո» ասած ցանկացած քաղաքացի գոնե ներքուստ գիտակցում էր, որ անկախությունը միայն առաջին քայլն է իրական ազատության հասնելու համար, քանզի անգամ անհատի համար նպատակը միայն ազատությունն է, իսկ անկախությունը այդ նպատակին հասնելու միջոց: Թերևս դեմագոգիա կլինի, եթե մենք անընդհատ խոսենք անկախության կարևորության ու նշանակության , պատմական այն իրադարձության մասին, որը տեղի ունեցավ քսաներկու տարի առաջ այս օրը: Ցանկացած կայացած հասարակության համար անկախությունը չի կարող վիճարկելի լինել, սակայն ցավոք անցած քսաներկու տարիների ընթացքում հայաստանյան վարչակարգերը, կասկածելի ձևավորված իշխանությունները կամա թե ակամա ամեն ինչ արեցին , որպեսզի անկախությունը կորցնի իր արժեքը, և որ ամենավատն է, հակասական զգացումներ առաջացնի շատերի մեջ: Ներկայումս հաստատապես կարող ենք պնդել, որ անկախության խանդավառության իներցիայով մենք կարողացանք հաղթել Արցախյան պատերազմում: Այդ տարիները, ինչքան էլ որ ներկայացվում էին և են մթի ու ցրտի տարիներ, այնուամենայիվ նաև հաղթանակով պսակված տարիներ էին: Հաճախ հետադարձ հայացք գցելով շատ մոտ անցյալում և ներկայումս մեր շուրջը կատարվող իրադարձություններին, ցանկանում ես պարզապես լռել` չցանկանալով փչացնել տոնը: Սակայն մյուս կողմից անկախության տոնի ուրախությունը կարող է լիարժեք դառնալ միայն այն ժամանակ, երբ յուրաքանչյուր հաջորդ տարում նշվեն բոլոր այն թերությունները, որոնք առկա են և որոնք վերացվել են: Անկախությունը՝ դա ճոռոմ ու կեղծ-հայրենասիրական ճառերն ու համերգները , ցուցադրական ու արարողակարգային հանդիսությունները չեն, անկախությունը գործընթաց է, որը պետք է յուրաքանչյուր քաղաքացու և պետական սուբյեկտի համար երաշխավորի ազատություն իր ցանկացած քայլի ու որոշման մեջ: Ինչ խոսք, չափազանց դժվար է լինել Հայաստանի նման փոքր պետություն և ձեռք բերել ու պահպանել անկախությունը, սակայն մյուս կողմից ոչ ոք երբևէ չի ասել, որ ազատության ճանապարհը դյուրին է լինելու: Ցավոք սրտի, նայելով այն ամենին ինչ կատարվում է հիմա, ստիպված ենք արձանագրել, որ անկախության ճանապարհին մենք ինչ-որ մի տեղ սխալվեցինք: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ գրվեցին այնպիսի էջեր, ինչպիսիք էին Հոկտեմբեր 27-ն ու Մարտի 1-ը, բազմաթիվ քաղաքական սպանություններ, կեղծված ընտրություններ, քաղաքական պատվիրված դատավարություններ, բռնություններ քաղաքացիների նկատմամբ, այս ցուցակը կարելի է շարունակել շատ երկար: Ցինիզմի սահմանագծին կարելի ասել, որ այդ ամենը նորելուկ պետականության համար օրինաչափություն կարող է լինել, սակայն որևէ տրամաբանություն չի կարող լինել մի ամբողջ պետականության համար ճակատագրական այդ իրադարձությունների նկատմամբ վերաբերմունքի մեջ, որը ծնեց բացարձակ անվստահություն պետական բարձրագույն իշխանության նկատմամբ և հասարակության անտարբերությունը իր շուրջը կատարվող ամեն ինչի հանդեպ: Անկախությունը այսպես կոչված իշխանության ամենաբարձր մակարդակով սկսեց շահարկվել` պետության և հասարակության ներսում արատավոր երևույթները ծածկադմփոց անելու , արտաքին քաղաքական շարունակական ձախողումները լղոզելու համար: Սակայն չցանկանալով շարունակել այս տխուր նոտայով, շեշտենք, որ անկախությունը որևէ մեկի սեփականությունը չէ` լինի դա երկրի նախագահ, թե անհատ քաղաքացի, դա հավաքական գործ է, որտեղ ցանկացած ոք վաղ թե ուշ արժանի պատասխանատվությունն է կրելու ցանկացած ինքնագործնեության համար: Հայաստանի Հանրապետությունը երկրի նախագահը կամ վարչապետը չէ և ոչ էլ այն վարչախումբը, որը հայտնվել է պետության իշխանության ղեկին, ուստի ելնելով սրանից հավատանք, որ ինչպես քսաներկու տարի առաջ, այնպես էլ հիմա Հայաստանի քաղաքացին կայացնելու է իր որոշումը և հետամուտ է լինելու իր որոշման իրարկմանը` այս անգամ արդեն դասեր առած իր նախկին սխալներից ու բացթողումներից:
Շնորհավոր տոնդ Հայաստան
Աղասի Մարգարյան