Օրեր առաջ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն անդրադարձել է Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդների փաստաբան Աշոտ Սարգսյանի այն հայտարարությանը, թե գործի անջատված մասի կարճման որոշումը մինչ օրս չեն ստացել: Դատախազի խորհրդականն ասել է հետևյալը. «Տեղեկատվությունը, որ «Հոկտեմբերի 27»-ի գործի անջատված մասով քրեական գործի վարույթը կարճելու որոշումը կայացվել է ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի կողմից, իրականությանը չի համապատասխանում…»:
Գլխավոր դատախազի խորհրդականը պնդել է՝ ըստ քրեական գործի նյութերի, առկա է տուժողի իրավահաջորդներին եւ նրանց ներկայացուցչին, ինչպես նաեւ տուժողներին ուղղված ուղեկցող գրություն՝ առ այն, որ նրանց տրամադրվել է քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման պատճենը, պարզաբանվել է այն բողոքարկելու կարգը, ինչպես նաեւ գործի նյութերին ծանոթանալու նրանց իրավունքը:
Araratnews.am-ը զանգահարեց Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդների փաստաբան Աշոտ Սարգսյանին՝ նրա կարծիքը լսելու դատախազի խորհրդականի հայտարարության վերաբերյալ: Փաստաբանը հերքեց՝ հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում: «Օրենսգիրքը պահանջում է պատշաճ ծանուցում. պետք է լինի հավաստի փաստաթուղթ, որ մենք ստացել ենք որոշումը: Սահմանադրական դատարանը դրա վերաբերյալ որոշում ունի՝ որոշումը հանձնելու պահը հաստատող փաստաթուղթ պետք է լինի: Եթե գրություն եք գրել, որ ուղարկել եք, այն դրել եք գործի մեջ, դրա փոստային առաքումը կա՞: Դա կամ արվում է առձեռն կամ փոստային առաքմամբ: Կա՞ որեւէ ապացույց, որ փոստային առաքմամբ դա ուղարկվել է կողմերին»,- մանրամասնեց փաստաբանը:
Աշոտ Սարգսյանը հիշեցրեց՝ «Հոկտեմբերի 27»-ի գործով 86 տուժող կա, որոնց պետք է ուղարկեին գործի անջատված մասի կարճման որոշումը, սակայն ոչ մեկին չեն ուղարկել՝ բացի ՀՀԿ-ականներից:
Ինչ վերաբերում է Գոռ Աբրահամյանի այն հայտարարությանը, թե կարճման որոշումը դատախազության կոլեգիալ նիստում չի եղել, այլ քննչական խմբի ղեկավարն է արել 2004 թվին, փաստաբանն ասաց. «Ես ձեզ հաստատ կարող եմ ասել, որ Մարսել Մաթեւոսյանը («Հոկտեմբերի 27»-ի գործի քննչական խմբի ղեկավարն է- հեղ.) անձամբ է հրաժարվել այդ որոշումը կայացնել: Դրա համար եղել է դատախազության կոլեգիայի որոշումը: Մարսել Մաթեւոսյանը միամիտ մարդ չէր, որ էդ պարագայում գործ կարճեր: Եթե կոլեգիան է արել քննարկումը, կուզենայի տեսնել արձանագրությունը»:
Աշոտ Սարգսյանը հորդորում է դատախազությանն ուղարկել գործի անջատված մասի կարճման որոշումը, մի հատ էլ «ամոթանք տան մեզ, որ նման բան ենք հայտարարում»: «Այն, ինչ նրանք գրել, դրել են (նկատի ունի այն գրությունը, որը փաստում է՝ կարճման որոշումն ուղարկվել է տուժողներին- հեղ.) դա կեղծիք է: Դրա համար կամ փոստային ծառայությունը պետք է պատասխան տա, բայց հասկացեք էլի, եթե տուժողները մեկը, երկուսը, երեքը լինեին, կասեիք՝ կազմակերպված վարկաբեկում են դատախազությանը, բայց տուժողներն 86 են, որոնց պետք է հասու լիներ այդ որոշումը: Մենք հո շառ անող չե՞նք»,- ավարտեց իր խոսքը Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդների փաստաբան Աշոտ Սարգսյանը:
Սոնա Դավթյան