Մեր զրուցակիցն է Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը
-Դուք դժգոհություն էիք հայտնել քաղաքապետարանի կողմից տրանսպորտի սակագնի հարցով հանձնաժողովի ձևավորման ընթացակարգի վերաբերյալ։ Նշել էիք, որ իրենց վերլուծությունները չեն ներկայացրել, որպեսզի դուք էլ ձեր կարծիքը հայտնեք։ Հիմա ներկայացրե՞լ են արդյոք այդ վերլուծությունները։
-Ոչ, չեն ներկայացրել։
-Իսկ վտանգ չկա՞, որ Ձեր ներկայությամբ կլեգիտիմացնեք իրենց կողմից կայացվող որոշումները։
-Այո, վտանգ կա, բայց ես սպառողների պաշտպան եմ և չեմ կարող թույլ տալ, որ մի տեղ մի հարց քննարկվի և մեր արգումենտները չհնչեն։ Այդ վտանգը պարզից պարզ է, եթե 36-ից 6-ն են հանրության կողմից և քվեարկությամբ է հարցը որոշվելու, վտանգը կա։ Բայց չպետք է թույլ տալ, որ այդտեղ քվեարկությամբ հարց լուծվի։ Դա պետք է լինի խորհրդակցություն, ոչ թե հանձնաժողով։ Մենք այդ հանձնաժողովի օրինականությունը դրել ենք հարցականի տակ։
-Եթե օրինականությունը դրված է հարցականի տակ, ինչպե՞ս եք մասնակցում այդ հանձնաժողովի աշխատանքներին։
-Ես չեմ կարող թողնել, որ իրենց կամքով ինչ ուզեն անեն։ Մենք կմասնակցենք մեր արգումենտներով և երբ հարցը հասնի քվեարկությանը, մենք կասենք, որ մենք քվեարկող չենք, մենք քննարկման մասնակիցներն ենք, իսկ այդ քվեարկությունը պետք է լինի ավագանիում, որի մասին արդեն ասել ենք՝ բոլորին ուղարկում ենք տուն։ Մենք առաջարկում ենք ավագանուն հայտարարել անվստահություն և բոլորին ուղարկել տուն, բացի միջազգային գրոսմայստերից։
-Իսկ ձեր կողմից հաշվարկներ կատարվե՞լ են, արդյոք բավարարո՞ւմ է 100 դրամը։
-Իմ գործընկերն ունի ավելի հստակ հաշվարկ, իսկ ես ունեմ վերլուծություն, որոնք հիմք են տալիս քննարկել ոչ թե թանկացումը, այլ էժանացումը։
-Դուք տեղեկացվա՞ծ եք, հանձնաժողովը քննարկելու է միայն սակագնի հա՞րցը, թե ընդհանրապես տրանսպորտային համակարգի բարելավման, վերափոխման հարցերը։
-Այդ հրամանից՝ հանձնաժողովի ձևավորման մասին ոչ մի բան չի երևում, նշվում է միայն սակագինը, իսկ մենք միայն սակագնի մասին չենք խոսում, մենք խոսում ենք, որ տրանսպորտը գնում է գահավիժման ու պետք է առաջարկներ անենք ճիշտ ուղու վրա դնելու վերաբերյալ։
-Եթե նկատվի, որ հանձնաժողովում ընդդիմախոսների կարծիքը հաշվի չի առնվում, ի՞նչ քայլեր եք անելու։
-Սա ընդունված պրակտիկա է, կասեն շնորհակալ ենք, ձեր կարծիքները մենք հաշվի կառնենք, բայց կանենք մեր ուզածով։ Ակնհայտ է, որ այդպես էլ կլինի, սակայն սա մեր արգումենտները ներկայացնելու ամբիոն է, չենք կարող թողնել, որ իրենք իրենց որոշեն։ Մեզ բանավոր ասել են, որ այդ հանձնաժողովի որոշումը ոչ թե դառնում է որոշում, այլ դառնում է հիմք՝ հանրային քննարկումների, բայց հրամանի մեջ այդ միտքը չկա։ Այսինքն դա ծուղակի նման մի բան է և կարող է դառնալ թանկացնելու հիմք։
-Շահագրգիռ քաղաքացիները հայտարարել են իրենց կողմից հանձնաժողովի ձևավորման մասին, եթե հրավեր լինի, դուք կմասնակցե՞ք։
-Մեր թերությունն այն է, որ մենք յուրաքանչյուրս առանձին ենք գործում, հասարակական կազմակերպություններ, խմբեր և այլն։ Երիտասարդները քայլեր են անում, բայց դրանում չեն ներգրավում, մասնակից չեն դարձնում քաղաքական կամ հասարակական ուժերին։
-Կարծես այս դեպքում այդ համագործակցության եզրերն են գծվում։
-Լավ է, ես մեծ սիրով կմասնակցեմ իրենց ձեռնարկումներին և այդ հանձնաժողովի աշխատանքներին։