տուն Քաղաքական Դարձ ի շրջանս յուր

Դարձ ի շրջանս յուր

268
0

Плакат._Сталинская_конституция_view

1920 թվականի նոյեմբերի 29-ին Սարգիս Կասյանի գլխավորությամբ Ռազմհեղկոմը սովետական 11-րդ կարմիր բանակի ստորաբաժանումների ուղեկցությամբ մտավ Հայաստանի Հանրապետություն և տեղի չունեցած «աշխատավոր ժողովրդի» հեղափոխության անունից հայտարարեց Հայաստանի խորհրդայնացման մասին, ինչպես նաև հեռագիր հղեց Լենինին: Լենինը, սակայն, չշտապեց իր շնորհավորական ուղերձում` սպասելով մինչև դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլում կնքվի Դրո-Լեգրան պայմանագիրը, որով Հայաստանի Հանրապետության կառավարությունն ամբողջ իշխանությունը հանձնում էր բոլշևիկներին:

Հայաստանի խորհրդայանցումը ինքնին դարձավ ելակետային մի ամբողջ էպոխայի համար: Հնարավոր չէ ժխտել, որ խորհրդային միության 70-ամյա գոյության ընթացքում հայ ժողովուրդը ունեցավ մեծ նվաճումներ, ուստի պետք չէ հակախորհրդային մանիայով սևացնել այն ամենը, ինչ եղել է կոմունիստական իշխանության տարիներին:

Սակայն մյուս կողմից Հայաստանը կորցրեց իր անկախությունը: Սովետական տոտալիտարիզմը իր անջնջելի հետքը թողեց բազում ժողովուրդների նկարագրի ու արժեքային համակարգի վրա, ինչի հետևանքները մինչ օրս զգալի տեղ են զբաղեցնում մեր առօրյայում: Ամբողջատիրական վարչակարգը, բռնաճնշումները, կոմունիստական գաղափարախոսության անվերապահ գերիշխանությունը ամբողջովին խեղեցին մարդու և քաղաքացու կերպարն ու արժեհամակարգը: Թերևս, նաև սրանով պայմանավորված արդի հայաստանյան հասարակության մեջ առկա են արատավոր երևույթներ, որոնց արմատները գտնվում են կոմունիստական անցյալում:

Պատմության հեգնանքով, Ալեքսանդրապոլի պայմանագրից 93 տարի անց մենք կրկին կանգնած ենք ինքնիշխանությունը կորցնելու վտանգի առաջ` այն տարբերությամբ, որ սովետական Ռուսաստանին  փոխարինել է պուտինյան Ռուսաստանը, ինչը, սակայն, որևէ կերպ չի նվազեցնում սպառնալիքի չափը: Ինչ խոսք, զուտ աշխարհագրական դիրքի պատճառով Հայաստանը մշտապես գտնվելու է ամենատարբեր աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետում, և այս տեսանկյունից ներկայումս էլ հենց այդպիսի իրավիճակում ենք մենք: Սակայն, մյուս կողմից, սա որևէ կերպ չի կարող արդարացնել հայաստանյան վարչակարգերի պարտվողական, անողնաշար կեցվածքը գրեթե ցանկացած միջպետական հարցի շուրջ:

Եվ ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս, բացի իր աշխարհագրական անբարենպաստ դիրքից, Հայաստանի թիվ մեկ խնդիրը ներքին ու ներքաղաքական է: Այդ խնդիրը սահմանված է շատ պարզ և հստակ՝ ունենալ ուժեղ իշխանություն: Ուժեղ իշխանության ժողովրդավարական ընկալումները ևս ձևակերպված են շատ վաղուց, և այստեղ ոչինչ պետք չէ նոր հայտնագործել` իշխանության ձևավորման ժողովրդավարական սկզբունքներ, մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանություն: Այս երկու հիմնադրույթների կիրառման պարագայում ցանկացած իշխանություն կունենա դիմադրողականության որոշակի պաշար ցանկացած արտաքին կամ ներքին ճնշման դեմ` անգամ եթե առջևում կա այնպիսի ախոյան, ինչպիսին Ռուսաստանն է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here