տուն Լուրեր Դարի չարագործը դարձավ 125 տարեկան

Դարի չարագործը դարձավ 125 տարեկան

159
0

379px-Bundesarchiv_Bild_183-S33882,_Adolf_Hitler_retouched

Գերմանիայի կանցլեր Ադոլֆ Հիտլերը ծնվել է մաքսային ծառայողի ընտանիքում: Որքան էլ տարօրինակ է, նա միջնակարգ դպրոցը չի ավարտել:  1908թ. ընդունվել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիան, բայց առաջին կուրսից դուրս է մնացել: Խուսափելով զինվորական ծառայությունից՝ 1913թ.-ի Վիեննայից տեղափոխվել է Մյունխեն, 1914թ. ճանաչվել է ծառայության համար ոչ պիտանի, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի սկզբից կամավոր մեկնել է բանակ. ստացել է եֆրեյտորի կոչում, պարգևատրվել Երկրորդ կարգի Երկաթե խաչի և Առաջին կարգի Երկաթե խաչի շքանշաններով:

Հիտլերը ծանր հիասթափություն է ապրել Գերմանիայի կապիտուլյացիայից հետո: Նա խորապես համոզված էր, որ գերմանացիները զտարյուն արիացիներ են, ունեն հատուկ առաքելություն, և պարտության համար մեղադրել է հրեաներին:
1921թ.-ից Հիտլերը Գերմանիայի նացիոնալ-սոցիալիստական բանվորական կուսակցության  ղեկավարն էր:
1923թ. Մյունխենում ձախողվել է գեներալ Լյուդենդորֆի հետ պետական հեղաշրջման նրա փորձը. Հիտլերը ձերբակալվել է, դատապարտվել 5 տարվա ազատազրկման, սակայն 10 ամսից ազատ է արձակվել: Բանտում գրած «Իմ պայքարը» կենսագրական գրքում ձգտել է ապացուցել, որ Գերմանիային այդ վիճակից կարող է դուրս բերել և հզոր պետություն դարձնել միայն ուժեղ ղեկավարը՝ ֆյուրերը՝ այդ դերում տեսնելով հենց իրեն:

 

1934թ. Հիտլերը հայտարարել է Գերմանիայի՝ 1919թ. Վերսալյան պայմանագրից դուրս գալու մասին (պայմանագրով սահմանափակվում էին Գերմանիայի ռազմական հզորացմանը նպաստող գործողությունները) և սկսել է տանկային զորամիավորումների կազմավորումն ու ռազմական ավիացիայի վերականգնումը:
Իսպանիայում քաղաքացիական կռիվների ժամանակ (1936–38թթ.) Գերմանիան մեծ օժանդակություն է ցուցաբերել գեներալ Ֆրանկոյին, 1938թ. գրավել է Ավստրիան, 1939թ.-ի սեպտեմբերի 1-ին հարձակվել է Լեհաստանի վրա՝ սանձազերծելով Երկրորդ համաշխարհային պատերազմը: 1939–40թթ. հիտլերյան բանակը գրավել է Լեհաստանը, Չեխոսլովակիան, Նորվեգիան, Դանիան, Լյուքսեմբուրգը, Բելգիան, Ֆրանսիան, 1941թ.` Հունաստանը, Խորվաթիան: 1941թ.-ի հունիսի 22-ին, առանց պատերազմ հայտարարելու, հարձակվել է ԽՍՀՄ-ի վրա, կարճ ժամանակամիջոցում գրավել Մերձբալթյան երկրները, Բելոռուսիան (այժմ՝ Բելառուս), Ուկրաինան, Մոլդավիան (այժմ՝ Մոլդովա), Ռուսաստանի մի մասը, հասել մինչև Մոսկվայի մատույցները, մինչև Ստալինգրադ (այժմ` Վոլգոգրադ) և Հյուսիսային Կովկաս:
Բռնագրավված երկրներում խաղաղ բնակչությանը և ռազմագերիներին զանգվածաբար ոչնչացրել կամ քշել են համակենտրոնացման ճամբարներ: Հիտլերն այս գործողությունների հիմնական ոգեշնչողն ու գլխավոր կազմակերպիչներից էր:
Կանխազգալով ֆաշիստական Գերմանիայի մոտալուտ պարտությունը՝ կայսերական գրասենյակի գետնահարկում Հիտլերն ինքնասպան է եղել:

 

Ասում են, թե Ադոլֆի մայրը որոշել էր հղիությունը դադարեցնել, բայց բժիշկը նրան հետ էր համոզել: