Դեկտեմբերի 2-ին Պուտինի «դարակազմիկ» պետական այցից հետո, որն ի դեպ այդպես էլ չդարձավ ոչ դարակազմիկ, ոչ էլ նույնիսկ պետական, ներկայումս կարող ենք որոշ ընդհանրացումներ անել: Նախ, ինչպես և սպասելի էր, Պուտինին որպես բարձրաստիճան հյուրի նվիրեցին մի շարք համեստ նվերներ` «ՀայՌուսգազարդի» Հայաստանի 20 տոկոս մասնաբաժնի, օդանավակայանի, հէկ-ի ու նմանատիպ մանր-մունր բաների տեսքով: Սա, բնականաբար, արդեն ավանդական դարձած արարողակարգ է, որի հիմքերը դրվեցին Պուտինի` Հայաստան կատարած առաջին այցից հետո` գույք պարտքի դիմաց ծրագրով: Սակայն չչափազանցնենք Պուտինի ագահությունը և համարենք, որ նման համեստ նվերների համար իր բան ու գործը նա թողեց ու եկավ Հայաստան՝ դեռ մի բան էլ անունը դրեց՝ պետական այց: Իսկ թե ինչ նպատակով էր այդ այցը` Պուտինը ձևակերպեց ընդամենը մեկ նախադասությամբ. «Ռուսաստանը Անդրկովկասից չի հեռանալու և ընդհակառակը` ավելի է ամրապնդելու իր դիրքերը»: Սա փաստորեն այն առանցքային հայտարարությունն է, որն արվեց մի քանի ժամ տևած «պետական այցի» շրջանակներում, մնացյալ տասներկու ստորագրված փաստաթղթերը, տնտեսական ֆորումը, համաժողովը, «Երևան-էքսպո»-ն՝ հասարակ արարողակարգ և բավականին ձանձրալի երևույթներ էին, որոնք որևէ էական նշանակություն չունեցան և չեն կարող ունենալ: Անգամ Պուտինի հայտարարած էժան գազը, բոլորովին էլ էժան չի լինելու ՀՀ քաղաքացիների համար:
Կարծել , թե Պուտինը Հայաստան եկավ իր հայ եղբայրներին ասելու, որ իրենք Անդրկովկասից չեն գնալու, նույնպես միամտություն կլինի, քանի որ դա բոլորս էլ լավ հասկանում ենք, համենայնդեպս հասկանում ենք, որ ինքնակամ երբեք չեն հեռանա: Ընդ որում նշենք, որ Պուտինը խոսում է Անդրկովկասի մասին, մինչդեռ Անդրկովկասի երկրները Վրաստանից նրան քշեցին, Ադրբեջանում Ռուսաստանի ներկայությունը զգալի է` բայց համեմատական չէ Հայաստանի հետ, ուստի այստեղից հետևություն` որ Պուտինի հայտարարությունը ուղղված էր ինչպես տարածաշրջանային խաղացողներին` Իրան, Թուրքիա, այնպես էլ Եվրոպային և ԱՄՆ-ին: Ընդ որում նշենք, որ այդ հայտարարությունը իր մեջ ամփոփում էր Հարավային Կովկասի երկրների նկատմամբ Ռուսաստանի քաղաքականության նոր դոկտրինը: Զարմանալի չէր, որ այս տեսանկյունից առաջին արձագանքը հնչեց Իրանի կողմից: Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին ողջունելով հայ-ռուսական համագործակցությունը`նշել նաև, որ Իրանը կարող է ավելի էժան գազ մատակարարաել Հայաստանին: Պարզ է, որ հայաստանյան ներկա իշխանությունները չունեն պոտենցիալ՝ հայանպաստ որոշումներ կայացնելու` քանի որ հնարավոր չէ, որ այդ որոշումները միաժամանակ լինեն նաև ռուսանպաստ, որն առաջնային է մեր իշխանության համար, սակայն Իրանը չունի նման խնդիրներ և համարձակ կերպով հայտարարում է` գուցե և հասկանալով, որ Մոսկվան կարող է միանշանակ չնդունել նման հայտարարությունները, բայց դա կարծես թե քիչ է անհանգստացնում Թեհրանին: Թե ինչ այլ արձագանքներ կլինեն, կամ կլինե՞ն արդյոք՝ ցույց կտա ժամանակը: Մի բան պարզ է, որ առաջիկայում Ռուսաստանը տոտալ էքսպանսիա է սկսելու ամբողջ Անդրկովկասի նկատմամբ կամ արդեն սկսել է:
Աղասի Մարգարյան