Armtimes.com-ը գրում է.
ՇՄ ընդհանուր իրավասության դատարանն ազատ է արձակել դեկտեմբերի 2-ին ձերբակալված «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Գեւորգ Ալեքյանին: Ալեքյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ ավելի վաղ բողոքարկել էր ձերբակալման որոշումը, դատարանն էլ գտել է, որ ձերբակալումն իրավաչափ չէ եւ Ալեքյանին ազատ արձակել: «Նախաքննական մարմինը գտել էր, որ պետք է ձերբակալել, որովհետեւ կարող է նոր իրավախախտում կատարի, եւ անհրաժեշտություն կա վարույթն իրականացնող մարմին բերելու համար: Մենք էլ գտնում ենք, որ ինքը բազմաթիվ անգամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմինին, եւ էդ հիմքը չկա: Դրանից բացի էլ նոր իրավախախտում կատարելու մտահոգությունը փաստարկված չէ: Հենց այդ հիմքով դատարանը գտավ, որ ձերբակալումն իրավաչափ չէ: Այսինքն եթե անձը մշտապես ներկայանում է, էդ մարդուն ձերբակալում են, որ ի՞նչ»,-ասաց փաստաբանը:
Ըստ Արամայիս Հայրապետյանի, ներկա պահին «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակաար Ալեքյանին առաջադրված մեղադրանք չկա: Կան միայն կասկածներ, որոնք, փաստաբանն ասում է, այնքան անորոշ են, որ չեն էլ կարող մեկնաբանել: «Որեւէ նկարագրություն մեզ ներկայացված չէ, որ այ դու կասկածվում ես էս-էս փաստական հանգամանքներով արարքի մեջ: Երբ որոշակի նկարագրություն կառաջադրեն, այդ ժամանակ բնականաբար Ալեքյանը կմեկնաբանի»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում
ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պահպանության գծով տեղակալ, ներկայում նշված ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Ալեքյանը 2017-2019թթ. ընթացքում ազգային պարկի տարածքում խոտհունձ կազմակերպելը թույլատրելու համար 4 անձանցից առերևույթ պահանջել և որպես կաշառքի գումար ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 250.000, 100.000 և 26.500 ՀՀ դրամ գումարներ, ինչպես նաև գույք՝ շուրջ 30.000 և 2.000.000 ՀՀ դրամ արժողությամբ խոտի տուկեր, և այլ առավելություն՝ 165.000 ՀՀ դրամի դիմաց իր օգտին աշխատանքների կատարում: