Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում դատավոր Հարություն Մանուկյանը հրապարակեց որոշում՝ Ճվճվ Արոյի որդի Սարգիս Վարդանյանի գործով:
Նախորդ նիստում Սարգիս Վարդանյանի շահերի պաշտպան, փաստաբան Լ. Հովհաննիսյանը միջնորդություն էր ներկայացրել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը ազատազրկման հետ չկապված խափանման միջոցով փոխելու կամ այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ կիրառելու վերաբերյալ: Որպես գրավի չափ պաշտպանը նշել էր 2 միլիոն դրամ:
Մեղադրող Ա. Մարգարյանը, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ, փաստաբաններ Ռ. Բալոյանն ու Զ. Վարդանյանն առարկել էին պաշտպանի միջնորդության դեմ՝ պնդելով, թե Սարգիս Վարդանյանը պետք է մնա կալանքի տակ, վերացված չեն նրան կալանքի տակ պահելու հիմքերը, մասնավորապես՝ նա կարող է խոչընդոտել դատաքննությանը՝ ազդեցություն գործելով դեռ չհարցաքննված վկաների վրա: Գործով դատակոչված է 12 վկա, դատարանն արդեն հարցաքննել է նրանցից 7-ին, հրապարակել է 1 վկայի նախաքննական ցուցմունքները, չեն հարցաքննվել դեռ 4 վկաներ:
Դատարանը որոշեց՝ մերժել պաշտպանի միջնորդությունը: Սարգիս Վարդանյանի խափանման միջոցը չփոխվեց, նա կշարունակի մնալ կալանքի տակ: Այս մասի հայտնում է 1in.am-ը:
Հիշեցնենք՝ Սարգիս Վարդանյանը մեղադրվում է ճանապարհային ոստիկանության երկու ծառայողների մահվան ելքով վթարի և պատահարի վայրից հեռանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և 244 հոդվածով:
Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի հունվարի լույս 8-ի գիշերը՝ ժամը 4 -ն անց 40-ի սահմաններում, վարելով իրեն վստահված «BMW-X6» ավտոմեքենան, չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ Սարգիս Վարդանյանը երկու ուղևորով երթևեկել է Աբովյան փողոցով՝ Մոսկովյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովայի պողոտա:
Ճանապարհի այդ հատվածում, ըստ մեղադրանքի, թույլատրելի առավելագույն՝ 60 կմ/ժ արագությունը Սարգիս Վարդանյանը գերազանցել է մոտ երկու անգամ՝ մեքենան վարել է 113 կմ/ժ արագությամբ, ստեղծել է վթարային իրադրություն, ինչի արդյունքում բախվել է կարմիր լույսի տակ, լուսային ազդանշանները միացված վիճակում խաչմերուկ մտած՝ ՃՈ «Տոյոտա» ավտոմեքենային, որի ղեկին ավագ լեյտենանտ Արեգ Դավթյանն էր:
«Տոյոտային» բախվելուց հետո Սարգիս Վարդանյանի մեքենան բախվել է նաև գովազդային վահանակին, վնասել է այն ու կանգ է առել: Սարգիս Վարդանյանը լքել է դեպքի վայրն ու հեռացել է:
Ոստիկանության ծառայողներ Արեգ Դավթյանն ու Խաչիկ Գասպարյանը վթարի հետևանքով մահացել են:
Հիշեցնենք նաև, որ Ճվճվ Արոյի մյուս որդին՝ Սերժ Վարդանյանը, որ երկու քրեական գործերով մեղադրվում է տարբեր վայրերում խմբի կազմում կատարած խուլիգանությունների համար և որոշակի ժամանակ գտնվում էր կալանքի տակ, ներկայումս գրավի կիրառմամբ ազատության մեջ է: