Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ներկայացվեց արդար դատաքննության արտահերթ զեկույցը: ՄԻՊ-ի աշխատակիցները, ովքեր աշխատել են զեկույցի վրա, նշում են, որ զեկույցում ներկայացրել են բոլոր այն խնդիրները եւ դատական մարմիններին, որոնք վտանգ են ներկայացնում արդար դատաքննության իրավունքի պաշտպանության առումով:
Զեկույցում ներկայացված են 120 հարցազրույցներ իրավաբանների, դատավորների, դատախազների եւ փաստաբանների հետ: Ուսումնասիրվել եւ ներկայացվել է նաեւ Վճռաբեկ դատարանի 2006-2013թթ. բոլոր որոշումներն ու բողոքները, ինչպես նաեւ Արդարադատության խորհրդի գործունեությունը:
«Մենք կարողացել ենք բացահայտել դեպքեր թե՛ Վճռաբեկ դատարանի, թե՛ Արդարադատության խորհրդի կողմից, որ օգտագործվել են երկակի ստանդարտներ եւ զուգորդված են եղել ուղղակի օրենքի խախտումներով: Մենք ուսումնասիրությունը կատարել ենք հենց արդար դատաքննության ոլորտում, քանի որ դա այն իրավունքն է, որոնցով երաշխավորվում է մյուս իրավունքների պաշտպանությունը, հետեւաբար եթե դատարանները գործեն ակախ, ուղղակի իր հետեւանքները կունենա հասարակական քաղաքականան մյուս ոլորտների եւ մյուս իրավունքների պաշտպանության վրա»,- ասաց ՄԻՊ-ի պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանը:
Նա հավելեց, որ խախտումները գրանցվել են կարգապահական վարույթ հարուցելու, կարգապահական տույժեր նշանակելու հետ: Բացի այդ, չկան հստակ չափանիշներ եւ պատճառաբանություններ, թե ինչ հիմքով Վճռաբեկ դատարանը չի ընդունում վարույթ եւ գործերի 90 տոկոսը հետ է վերադարձնում:
Զեկույցում հարցազրույցների հիման վրա ներկայացվել են նաեւ դատական մարմիններում կոռուպցիայի դեպքերի չափաքանակի եւ դատավորների նկատմամաբ ճնշումների օրինակները:
«Կաշառքի չափը, հարցվածների մեծ մասի կարծիքով, անհատական մոտեցմամբ է որոշվում: Նրանք նշել են, որ գործերից ելնելով, կազմում է հայցագնի 10 տոկոսի չափով: Առաջին ատյանի դատարանում կաշառքի սակագինը կարող է կազմել 500-10.000 ԱՄՆ դոլար, վերաքննիչ դատարանումˋ 2000- 15 000 ԱՄՆ դոլար, Վճռաբեկ դատարնումˋ 10 000- 50 000 ԱՄՆ դոլար»,-ասաց Պետրոսյանը:
Ինչ վերաբերում է դատավորների նկատմամաբ ճնշումներին, ըստ զեկույցի, դրանք հիմնականում եղել են պարտադիր համաձայնեցման գործերում:
Զեկույցում աղբյուրների գաղտնիությունը պահպանված է:
«Մենք վստահ ենք, որ այս զեկույցը պետք է ունենա էական դեր այս ոլորտոմ: Անվերջ խոսվում է այս արատավոր երեւույթների մասին, բայց երրբեք այս դեպքերը չեն բացահայտվել եւ ուսումնասիրվել: Զեկույցը հստակ օրինակներով առաջին անգամ ներկայացվել է»,-ասաց Պետրոսյանը:
Նա հավելեց, որ այսօր այս զեկույցը ուղարկվել է նաեւ բոլոր դատական մարմիններին: Զեկույցում բացի հարցազրույցներից եւ հստակ ներկայացված օրինակներից, կա առաջարկների բաժին, որտեղ ներկայացված են օրենսդրական առաջարկություններ:
Լիլիթ Առաքելյան