ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքը հաստատումն է մինչև այժմ ձեռնարկված քրեական հետպանդման գործողությունների իրավաչափության:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դավթյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին:
Նա նախ նշեց՝ Եվրոպական դատարանի դիրքորոշումը շատ հստակ է, առաջադրված 4 հարցերից 2-ին դատարանն ընդհանրապես չի պատասխանել՝ դրանք դիտարկելով որպես վերացական, տեսական բնույթի հարցեր:
«Երկու հարցերի կապակացությամբ՝ իրավական որոշակիության և օրենքի հետադարձ ուժի առումով, աքսիոմատիկ իրավաբանություն է ներկայացրել: Այսինքն՝ այլ նախադեպերում արտացոլված իր հստակ դիրքորոշումը, թե ինչ ընդհանուր կանոնների պետք է բավարարի իրավական որոշակիությունը և հետադարձ ուժի կանոնները: Եվ հստակ, ուղղակիորեն մատնանշել է, որ ըստ էության կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում, ինքնին փաստով, չի տեսնում: Ամփոփելով ոչ մասնագետի լեզվով՝ Եվրոպական դատարանի որոշումը ակնհայտ վկայությունն է մեր՝ նախկինում հայտնած բազմաթիվ դիրքորոշումների, որ այդ հարցերին պետք է անդրադառնա գործն ըստ էության քննող դատարանը, ոչ թե Եվրոպական և նույնիսկ Սահմանադրական դատարանը»,-ասաց Դավթյանը:
Նա նշեց՝ Եվրոպական դատարանի դիրքորոշումը մինչև այս ձեռնարկված քրեական հետապնդման գործողությունների իրավաչափության հաստատումն է: