տուն Լուրեր Դավիթ Տոնոյանի ցավակցական հեռագիրը Ասո Թավիթյանի մահվան կապակցությամբ

Դավիթ Տոնոյանի ցավակցական հեռագիրը Ասո Թավիթյանի մահվան կապակցությամբ

172
0

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է նախարար Դավիթ Տոնոյանի ցավակցական հեռագիրը հայազգի բարերար, «Թավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանի մահվան կապակցությամբ:

«Խորապես ցավում ենք հայազգի մեծ բարերար և նվիրյալ, «Թավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանի մահվան լուրի առիթով:

Ի թիվս ՀՀ պետական կառավարման մի շարք այլ գերատեսչությունների` Ասո Թավիթյանի ազգանվեր գործունեությունից անմասն չի մնացել նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանական ոլորտը, որտեղ պատվով իրենց ծառայությունն են իրականացնում «Թավիթյան» հիմնադրամի կրթաթոշակի մի շարք շահառուներ:

Նրա աջակցության շնորհիվ նաև ՀՀ ԶՈՒ անձնակազմի բազմաթիվ ներկայացուցիչներ համատեղ նախաձեռնած դասընթացների շրջանակներում հնարավորություն են ստացել Հայաստանում ծանոթանալ ԱՄՆ-ի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի միջազգային անվտանգության ոլորտի հեղինակավոր մասնագետների առաջադեմ տեսլականներին և մոտեցումներին»,- գրված է հեռագրում:

Նախարարը նշել է, որ ցեղասպանությունը վերապրած ընտանիքի զավակի` Ասո Թավիթյանի հայրենանվեր գործունեությունը, ազգային իղձերի ու նպատակների շուրջ մարդկանց համախմբելու, ուժեղ պետություն կառուցելու ձգտումն է նաև բացառում նման ոճրի կրկնությունը.

«Վստահ եմ, որ Ասո Թավիթյանին երբևէ հանդիպած մարդիկ մշտապես հավատարիմ կմնան նրա պատգամին` ի նպաստ մեր հայրենիքի բարօրության և հզորության: Ասո Թավիթյանի մահը ծանր կորուստ է բոլորիս համար: Պաշտպանության նախարարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ասո Թավիթյանի հարազատներին ու մերձավորներին»։