Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դժգոհություն է հայտնել այն հանգամանքից, որ Գերմանիայի առաջնության 13-րդ տուրում «Բորուսիայի» հետ խաղից առաջ լրատվամիջոցները հրապարակել են թիմին տրված իր առաջադրանքը։ Bild պարբերականը հրապարակել էր այն սխեման, որով Գվարդիոլան պատրաստվում էր հաղթել իր հիմնական մրցակցին։ Հիշեցնենք, որ արտագնա խաղում մյունխենցիները 3։0 հաշվով հաղթել են «Բորուսիային»։
«Ինձ համար միևնույնն է, թե ով է դավաճանը։ Նա երբեք չի խաղալու իմ թիմում», — ասել է Գվարդիոլան։ Իսկ «Բավարիայի» նախագահը կոչ է արել այդ քայլին դիմած ֆուտբոլիստին դադարեցնել արտահոսքը, այլապես խնդիրներ կլինեն նրա համար։