Աշխարհը մի քանի ընտանիքների կամ կազմակերպությունների կողմից կառավարելու մասին պատմությունները հաճախ ծիծաղ են առաջացնում, սակայն հենց այդ գաղափարի առկայությունն անգամ մեծ օգնություն է եթե ոչ կառավարող, ապա կառավարել ցանկացող շրջանակների համար։ Նման մոտեցումը հնարավորություն չի տալիս անհատին գիտակցելու իր դերն ու նշանակությունը և փորձելու ինքնուրույն փոխել շրջապատող աշխարհը։
Հանրությանը վերահսկելի դարձնելու նման տեխնոլոգիա են կիրառում նաև մեր ներկայիս իշխանությունները՝ տարբեր գործիքներով հանրության մեջ նետելով այս կամ այն անձի կամ խմբի կառավարելի լինելու մասին թեզեր։ Ասվածը ավելի պարզ պատկերացնելու համար անցնենք հայաստանյան ընդդիմադիր դաշտ։ Ընդդիմադիր անձանցից, խմբերից յուրաքանչյուրը համարում է, որ ինքն է բացարձակ ճշմարտության կրողը, ամենաանվերահսկելին, իսկ այլ կարծիքներ և տեսակետներ ունեցողները ուղղակի սպասարկում են իշխանություններին կամ նվազագույնը՝ վերահսկելի են։
Ցանկացած պայքարի օջախ, որի շուրջ ձևավորված արժեքային համակարգը, կարգախոսները, տեսակետները չի կիսում մեկ այլ խումբ, անմիջապես դիտվում է որպես իշխանական նախագիծ, իսկ դրա մասնակիցները՝ իշխանության հովանավորյալներ, և ամենևին կարևոր չէ, թե տվյալ խումբը/անձը ինչպիսի վերաբերմունքի, երբեմն հետապնդումների է արժանանում իշխանությունների կողմից։ Օրինակ՝ Մաշտոցի պուրակը տարբեր շրջանակների կողմից համարվում էր իշխանական պրոյեկտ, «Վճարում ենք հարյուր դրամը» շարժումը նույնպես չխուսափեց նման գնահատականներից, Կոստանյանի քվեարկությունից հետո ընդդիմադիր տարբեր հատվածներ սկսեցին միմյանց մեղադրել խաբեության, իշխանությունների հետ համագործակցության մեջ, Զարուհի Փոստանջյանի հարցադրումը ԵԽԽՎ-ում ևս այս շարքից էր։ Այս իրավիճակում հստակ է, որ նման վարքագծով ընդդիմադիր հատվածը(և՛ կուսակցական, և՛ քաղաքացիական) ոչ միայն չի կարող հասնել իր առջև դրված խնդիրների լուծմանը, այլ օրեցօր կորցնում է իր տեղնուդիրքը քաղաքական դաշտում։
Իհարկե, գաղափարական մեծ տարբերություններ ունեցող ուժերի միավորումը նման պայմաններում անհնարինի շարքից է, սակայն հաջողության հասնելու առաջին քայլերից է նվազագույն սոլիդարության ապահովումը, իսկ համագործակցության պարագայում՝ հորիզոնական, հավասար հարաբերությունների կառուցումը, որի դեպքում առկա գործընթացների վրա «ներդրվածների»,«գործակալների» ազդեցությունը ձգտում է մինիմումի։ Նման հարաբերությունների անհրաժեշտությունն այսօր ավելի քան զգալի է, իսկ դավադրություններ կազմակերպելն ու դրանց մասին թեզեր տարածելը իշխանության պահպանման լավագույն գործիքներն են։
Սևակ Մամյան