տուն Արցախ Դասադուլ Արցախում. աշակերտները բողոքում են ՀԷԿ-երի կառուցումից

Դասադուլ Արցախում. աշակերտները բողոքում են ՀԷԿ-երի կառուցումից

531
0

ՀԷԿ-երի շինաշխատանքները դադարեցնելու պահանջով Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը 9 օր է՝ հացադուլի մեջ է: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի հաղորդած տեղեկության` Արցախի էներգահամակարգի զարգացման պատրվակով սակավաթիվ օլիգարխներ գերշահույթ են ստանում Արցախի բնությունն ավերելու հաշվին: Ասում է՝ Քարվաճառի գետերի 40%-ից ավելին հոսում է խողովակաշարերով, ավելի վատ է վիճակը հարևան Քաշաթաղում:

«Արցախում տեղի ունեցողն այլ կերպ, քան կատարյալ աղետ չի կարելի բնութագրել: Դրա լավագույն օրինակն այսօր Քաշաթաղի շրջանի հյուսիսն է, երբ օրինակ՝ Աղավնո գետի վրա՝ ընդամենը 35-40 կմ հատվածում, կառուցված է 11 ՀԷԿ: Դրանց պատճառով մեղրի արտադրության ծավալը գրեթե 4 անգամ նվազել է։ Մարդկանց այգիները, որոնք 25 տարի մշակվել են, ամբողջությամբ չորացել են»,- ասել է Քանանյանը՝ պահանջելով Քարվաճառի վարչակազմին հանձնած պահանջագրով ոչ միայն փոքր ՀԷԿ-երի ընթացող շինաշխատանքների դադարեցում և շինտեխնիկան հեռացում, այլև հէկաշինության բնապահպանական և ֆինանսական բնույթի հանցագործությունները քննող թափանցիկ հանձնաժողովի ստեղծում:

Ի պաշտպանություն Քանանյանի պահանջների՝ ևս մեկ քաղաքացի էլ Ստեփանակերտում է հացադուլ հայտարարել: Նա նաև ստորագրահավաք է սկսվել փոքր ՀԷԿ-երի շինաշխատանքները դադարեցնելու պահանջով:

Պաշտոնական հաղոդագրության համաձայն՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանը Քարվաճառում խորհրդակցություն է անցկացրել՝ կարևորելով Շահումյանի շրջանի դերը ջրային անվտանգության ապահովման հարցում, և ընդգծել, որ տարբեր նախագծերի իրականացման ընթացում անվերապահորեն պետք է հետևեն բնապահպանական նորմերին:

Արցախի Շահումյանի շրջանի Քարվաճառի բնակիչները բողոքում են շրջանում կառուցվող ՀԷԿ-երի դեմ: «Ֆեյսբուք» սոցցանցի օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ Քաշաթաղի դպրոցականները դասադուլ են անում՝ պահանջելով դադարեցնել ՀԷԿ-երի կառուցումը:

Տեսանյութում, ամենայն հավանականությամբ, ուսուցչի հետ միասին դասադուլ անող երեխաները նշում են, որ հարցն իրենց հիմա է սկսել անհանգստացնել: Ուսուցչի խոսքով՝ բողոքը քաղաքական ենթատեքստ չունի, իսկ երեխաների ծնողները քաղաքական տարբեր շրջանակներից են:

Նշենք, որ ըստ Լեռնային Ղարաբաղի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի՝ Շահումյանի շրջանում արդեն գործում է 6 ՀԷԿ, ևս 4-ը դեռ կառուցման փուլում են: Շահումյանի շրջանում առաջին ՀԷԿ-ը գործարկվել է 2015-ին: