Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ՝ ապրիլի 10-ին, կայացել է ՀՀ Առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրես կուսակցության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ եւ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը, որին մասնակցել են նաև Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ԱԺ` ԲՀԿ պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը և այլոք:
Հանդիպմանը ներկա չեն եղել «Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչները : «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը Araratnews.am-ի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել այս հանգամանքը:
«Ես ավելին չեմ կարող ասել, քան ասել է «Դաշնակցությունն» այս կապակցությամբ: Երեկ Աղվան Վարդանյանը նշել է, որ ուղղակի իրենք այդ պահին նպատակահարմար չեն գտնում մասնակցել քառյակի հանդիպմանը: Չգիտեմ, ինչ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոններով է պայմանավորված այդ որոշումը: Համենայն դեպս, ենթադրություններ անելը, կարծում եմ, անշնորհակալ գործ կլինի: Մինչև կառավարության հրաժարականը քառյակի ուժերի միջև ձեռք բերված միակ պայմանավորվածությունը եղել է այդ հարցում, ավելին ինձ հայնի չէ: Հետևաբար, իրենք են որոշում հաջորդ փուլի համար համագործակցել, թե ոչ: Համենայն դեպս, երեկվա իրենց պատասխանից այնպես էր ստացվում, որ խոսքը վերաբերում էր այդ օրվա աննպատակահարմար լինելուն»,- ասաց նա:
Ըստ Սաֆարյանի, ինչպես նշված է մամլո հաղորդագրությունում, հանդիպման հիմնական հարցը եղել է ստեղծված իրավիճակում գործողությունների ծրագրի և դրան առնչվող հարցերի քննարկումը:
«Եթե որևէ այլ վերջնական պայմանավորվածություն լիներ, ապա դրա մասին կհայտնեին»,- եզրափակեց նա: