ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը թեեւ հերքել է այսօր հրապարակված անստորագիր նամակը մի քանի դաշնակցականների անունից, այնուամենայնիվ, Araratnews.am-ը ՀՅԴ ԳՄ անդամներ Լիլիթ Գալստյանին եւ Միքայել Մանուկյանին հարցրեց՝ ինչպես են վերաբերվում նամակագիրների այն կարծիքին, թե ՀՅԴ-ում ժողովրդավարություն չկա եւ ամբողջ պրոցեսը՝ անգամ դաշնակցական երիտասարդների բողոքն անուղղակի կառավարում է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
Միքայել Մանուկյանն ասաց՝ անստորագիր նամակները չի մեկնաբանում, ապա հղում տվեց՝ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հայտարարությանը՝ նշելով, որ այնտեղ ամեն ինչ ասված է:
Հարցին՝ Միքայել Մանուկյանը հերքո՞ւմ է Հրանտ Մարգարյանի անուղղակի ազդեցությունը ՀՅԴ-ի վրա, նաև երիտասարդների գործողություններում, Միքայել Մանուկյանը կրկնեց՝ անստորագիր նամակ չի մեկնաբանում, միևնույն ժամանակ նշելով, որ Մարգարյանն ունի այնքան ազդեցություն, որքան ցանկացած դաշնակցական:
Լիլիթ Գալստյանը մեզ հետ զրույցում եւս հղում արեց ուսանողական միության հայտարարությանը, ապա ասաց. «ՀՅԴ երիտասարդական միությունը բոլորովին այլ կառույց է, որը պայքարելու է հանուն կրթության եւ ազգային բաղադրիչների»:
Լիլիթ Գալստյանը ենթադրո՞ւմ է, թե ովքեր են անստորագիր նամակի հեղինակները: Պատասխանը բացասական էր: «Ես որտեղի՞ց պետք է իմանամ, եթե դա մեր շրջանակից չէ»,- ասաց ՀՅԴ ԳՄ անդամը:
Սոնա Դավթյան