Դանիայի հետախուզական ծառայությունը երկուշաբթի ձերբակալել է Իրանի երեք քաղաքացու, որոնք ընդգրկված են «Ահվազի ազատագրման արաբական շարժման» խմբում (ASMLA):
Tert.am-ի փոխանցմամբ` այս մասին փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով դանիական հետախուզության ղեկավարին, նրանց ձերբակալել են Սաուդյան Արաբիայի օգտին լրտեսություն անելու կասկածանքով:
Բացի այդ, Իրանի ևս մեկ քաղաքացու հեռակա կարգով մեղադրանքներ է առաջադրվել լրտեսության և սպանության փորձի մեջ: Դանիական հատուկ ծառայությունների տվյալներով՝ 2018 թվականի սեպտեմբերին վերջինս ահաբեկչություն էր ծրագրում՝ երկուշաբթի ձերբակալված ASMLA-ի բարձրաստիճան ներկայացուցիչներին վերացնելու նպատակով:
«Սա շատ բարդ գործ է: Իրանը և Սաուդյան Արաբիան իրենց հակամարտությունը տեղափոխել են դանիական հողի վրա: Դա անթույլատրելի է»,- հայտարարել է Դանիայի հետախուզական ծառայության ղեկավար Ֆինն Բորխ Անդերսենը:
«Ահվազի ազատագրման արաբական շարժումը» պայքարում է Իրանի հարավարևմտյան մասում գտնվող, նավթով հարուստ Խուզեսթան շրջանի անկախության համար: Մինչ 1925 թվականը տարածքը կոչվել է ալ-Ահվազ: Այնտեղ հիմնականում արաբներ են բնակվում: Իրանի իշխանությունները շարժումն ահաբեկչական կազմակերպություն են ճանաչել: