Ապրիլի 7-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժնում մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկից հաղորդում ստացվեց, որ որովայնի և ձախ ազդրի ծակած-կտրած վերքերով Արտաշատից իրենց մոտ է տեղափոխվել դանակահարված 30-ամյա մի տղամարդ:
Օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց: Պարզվել է, որ նույն օրը ժամը 17-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Մանուշյան փողոցում տուժողը վիճել էր անծանոթ տղամարդու հետ, որն էլ դանակահարել էր նրան: Դեպքից ժամեր անց պարզվել էր, որ տուժողին մարմնական վնասվածք է պատճառել Արտաշատ քաղաքի Շիրվանզադեի փողոցի 37-ամյա մի բնակիչ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին, տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են: Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: