տուն Աշխարհ ԴԱԵՇ-ի ահաբեկիչները կրկին ակտիվանում են Իրաքում

ԴԱԵՇ-ի ահաբեկիչները կրկին ակտիվանում են Իրաքում

313
0

Ջավադն ամբողջ կյանքն անց է կացրել Իրաքի հյուսիսում գտնվող իր հայրենի գյուղում: Համագյուղացիների հետ միասին նա ինքնապաշտպանության ուժեր էր ձեւավորել՝ Դաեշից պաշտպանվելու համար: Իրենց գյուղի հարեւանությամբ երկու շաբաթ առաջ էր սպանվել Դաեշի առաջնորդը, որից հետո ահաբեկիչները սպառնում են գյուղացիներից վրեժխնդիր լինել:

«Օրերս հեռախոսազանգ ստացա, անհայտ համարից արաբերեն լեզվով ինձ ասացին՝ դուք սպանել եք «Իսլամական պետության» զինյալին, իսկ արյունը ջրից թանձր է: Ես անհանգիստ եմ ընտանիքիս համար, քանզի այստեղ Փեշմերգայի ուժեր չկան», — նշում է Ջավադ Դավուդին:

Պաշտոնապես այս շրջանը Իրաքի եւ քրդական Փեշմերգայի վերահսկողության տակ է, սակայն գիշերը Դաեշն անսպասելի արշավներ է կատարում, ստիպելով բնակիչներին կրկին լքել տները: ԱՄՆ-ի ուժերի կողմից ահաբեկիչ Աբուբաքր Ալ Բաղդադիին ոչնչացնելուց հետո, Դաեշն ակտիվացել է:

«Դաեշը նախկինում այս շրջանում կար, բայց՝ փոքր թվով: Այժմ նրանց քանակն ավելացել է», — ասում է քրդական ուժերի սպա, մայոր Սիմկո Ալին:

Ականներ ու պայթուցիկներ տեղադրելուց բացի ահաբեկիչները վերսկսել են նաեւ բնակիչների առեւանգումը: Իրաքի տեղական իշխանությունների ներկայացուցիչների խոսքով, նրանք փորձում են ավելի սերտ համագործակցել քրդական ուժերի հետ՝ ահաբեկչական վտանգը ոչնչացնելու նպատակով: