տուն Լուրեր Գևորգ Կոստանյանը՝ դատախազության խնդրահարույց հաղորդագրության մասին

Գևորգ Կոստանյանը՝ դատախազության խնդրահարույց հաղորդագրության մասին

92
0

Գևորգ Կոստանյան

Այն, որ Իջևանի զորամասում տեղի ունեցածի առնչությամբ դեռևս ձերբակալված մարդ չկա, տարօրինակ չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: «Ձերբակալումն ու կալանավորումը գործընթացներ են և պետք է համապատասխան հիմքերի առկայության դեպքում միայն իրականացվեն: Եթե այդ գործողություններն իրականացվել են, ապա այդ մասին հաղորդագրություն կամ հասարակությանը այլ կերպ հասանելի դարձնելու տարբերակներ կընտրվեն: Եթե դա չի ընտրվել, այլ հարց է»,- ասաց Գ. Կոստանյանը:

ՀՀ գլխավոր դատախազությունը 2014թ.-ի մայիսի 22-ին «Նախաքննական տվյալների հրապարակումը քրեորեն պատժելի է» վերնագրով հաղորդագրություն էր տարածել, որում նշված էր. «ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, հսկողություն իրականացնող դատախազները, զանգվածային լրատվության միջոցներում նախնական քննության ընթացքում ձեռք բերված ապացույցների կամ ստուգման ենթակա հանգամանքների վերաբերյալ հրապարակումների յուրաքանչյուր դեպքում, ձեռնարկելու են օրենքով սահմանված քրեադատավարական ներգործության միջոցներ, ապահովելու այդ տվյալների՝ լրատվության միջոցին հայտնի դառնալու աղբյուրի, հանգամանքների պարզումը և այդ կապակցությամբ անհրաժեշտ քննչական ու դատավարական գործողությունների իրականացումը»: Ինֆորմացիոն ազատության կենտրոնը խիստ խնդրահարույց էր համարել դատախազության այս հաղորդագրությունը՝ շեշտելով, որ այն  չի բխում լրատվամիջոցների ազատության և լրատվության աղբյուրի գաղտնիության՝ օրենքով ձևակերպված իրավունքներից, վտանգի տակ է դնում յուրաքանչյուր լրագրողի մասնագիտական պատշաճ գործունեության իրականացումը:

«Ինձ համար շատ տարօրինակ էր, որ այդ հաղորդագրությունը պետք է բուռն քննարկումների տեղիք տար: Դատախազության հաղորդագրությունները, երբ որ մենք տարածում ենք, տարածում ենք՝ առնվազն ապավինելով տարրական գիտելիքների առկայությանը, որովհետև նախաքննության գաղտնիքի հրապարակումը քրեական օրենսդրությամբ նախատեսված հանցագործություն է»,- ասաց Գ. Կոստանյանը: Նրա խոսքով՝ քրեական պատասխանատվությունը նախատեսված է այն մարդու նկատմամբ, ով դեպքերի կամ հանգամանքների բերումով տեղեկություն է ստացել նախաքննության ընթացքի մասին: «Նախաքննության գաղտնիքի հրապարակման համար պատասխանատվություն սահմանվում է առնվազն տվյալ գործով դատավարության մասնակիցների համար: Ինչ վերաբերում է նրան, որ քննարկման առարկա է դարձել լրագրողի կողմից իր աղբյուրը չբացահայտելու հանգամանքը, դա ևս օրենքի պահանջ է և ԶԼՄ-ների մասին օրենքը հստակ սահմանում է, որ լրագրողը պարտավոր չէ հրապարակել իր տեղեկատվության աղբյուրը: Այսինքն՝ լրագրողը կօգտվի՞ իր այդ իրավունքից և չի բացահայտի տեղեկության աղբյուրին՝ դա իր որոշումն է: Բացահայտելն էլ իր որոշումն է: Համենայնդեպս՝ քրեական պատասխանատվության սուբյեկտը ոչ թե լրագրողն է կամ լրատվամիջոցը, այլ այն սուբյեկտը, ում որ դատավարությանը մասնակից լինելու պատճառով հասու է դարձել տեղեկատվությունը, և ինքը փորձել է հրապարակել: Իսկ եթե լրագրողը օգտվի իր իրավունքից և չհայտնի իր աղբյուրը, օրենքով այլ ընթացակարգ է սահմանված, որ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ դատական կարգով լրագրողը կարող է պարտավորություն կրել»,- ասաց գլխավոր դատախազը: