տուն Քաղաքական Գուցե Սերժ Սարգսյանն է նախաձեռնել ԱՄՆ դեսպանի հետ հանդիպումը. Հովիկ Աղազարյան

Գուցե Սերժ Սարգսյանն է նախաձեռնել ԱՄՆ դեսպանի հետ հանդիպումը. Հովիկ Աղազարյան

363
0

Երեկ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ: Սերժ Սարգսյանի գրասենյակի հայտարարության մեջ ընդհանուր առմամբ ներկայացված են ԱՄՆ դեսպանի հետ զրույցի թեմաները, որոնք տարաբնույթ մեկնաբանության առիթ են տալիս:

Araratnews.am-ը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին հարցրեց՝ ի՞նչ կարելի է ենթադրել այս հանդիպումից, ո՞րն է հանդիպման բուն նպատակը: Հովիկ Աղազարյանի խոսքով՝ հնարավոր է, որ հանդիպման նախաձեռնողը Սերժ Սարգսյանն է եղել, ոչ թե ԱՄՆ դեսպանը: «Քանի որ մանրամասն տեղեկություն չկա, դժվար է ասել, թե ինչու են հանդիպել: Չի բացառվում՝  նա է դեսպանի հետ հանդիպում խնդրել, բայց ԱՄՆ դեսպանի համաձայնությամբ հայտարարել են հակառակը»,- ասաց պատգամավորը:

Հնարավո՞ր է ԱՄՆ-ը, օգտվելով Հայաստանում ստեղծված մի փոքր լարված խառը ներքաղաքական իրավիճակից, փորձում է գտնել այն ուժը, որի վրա կարող է «ստավկա» անել՝ որպես ընդդիմադիրի եւ օգուտ քաղել: Ի վերջո, մինչ իշխանափոխությունն էլ Հայաստանում եղել են ընդդիմադիր, արտախորհրդարանական կուսակցություններ, որոնք թե ֆինանսապես, թե քաղաքական առումով կապված են եղել արտաքին ուժերի հետ: Հովիկ Աղազարյանն այդ սցենարը բացառում է: ԱՄՆ-ը, ըստ նրա, լավ է ճանաչում քաղաքական ուժերին, ճիշտ գնահատում են գործընթացները, հաստատ գիտեն՝ ժողովուրդը  Սարգսյան-Քոչարյան տանդեմին չի վերադառնա: «Գուցե ժողովուրդը մի քանի տարի անց  իշխանությունից դժգոհ լինի սպասելիքների չարդարացման պատճառով, մեզանից երես թեքի, բայց չի նայի դեպի Սարգսյան-Քոչարյան առանցքը»,- մանրամասնեց Աղազարյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի խոսքով՝ ՀՀԿ-ի վրա ներդրում անելն անիմաստ է, ժողովուրդը չի վերադառնա Սարգսյան-Քոչարյան առանցքին:

Սերժ Սարգսյանը ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը խոսել է ՀՀ-ի ներքաղաքական իրավիճակի, առկա մտահոգությունների մասին եւ ներկայացրել դրանց վերաբերյալ ՀՀԿ դիրքորոշումը: Հարց է ծագում՝ գուցե արտաքին ուժի աջակցությո՞ւնն է ցանկանում ստանալ ՀՀԿ-ականների դեմ սկսված քաղաքական գործընթացների մասին: «Դա կարելի է դիտարկել հավանական տարբերակ: Գուցե Սերժ Սարգսյանը փորձի իրողությունները այլ «լույսով» ներկայացնել: ԱՄՆ-ի համար, սակայն, մեր երկրում կատարվող գործընթացներում անհասկանալի ոչինչ չկա: Բայց խորքային բաներ չեմ տեսնում»,- պնդում է Աղազարյանը:

Օրենսդիր մարմնի անդամը հորդորում է ՀՀԿ-ին ռեբրեդինգի ենթարկվել. գնահատական տային իրենց անցյալին, այլ կուսակցություն ձեւավորեին, միավորվեին այլ քաղաքական ուժի հետ: Ու եթե ռեբրեդինգից հետո ՀՀԿ-ի մեջ մտնեն նրանք, ովքեր իրենց անցյալով քիչ խոցելի են, կարող են ներկայանալ քաղաքական դաշտում, քիչ թե շատ հաջողություն ունենալ: Օրինակ՝ ՀՀԿ երիտթեւի ներկայացուցիչները, որոնք միմյանց հետ ճանապարհ են անցել, ՀՀԿ-ում պայքարել են բացասական դրսեւորումների դեմ, ռեբրեդինգի ձեւով կարող են ներկայանալ։

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի հրաժարվում ՀՀԿ-ն ղեկավարելուց: Հովիկ Աղազարյանը կարծում է՝  Սարգսյան-Քոչարյան զույգը եւ դրան հարողները նորից իշխանության կգան՝ տարբեր մեթոդներ կիրառելով, բայց դա, պատգամավորի խոսքով, չի լինելու:

Սոնա Դավթյան