տուն Քաղաքական Բացառված չէ, որ Սաակաշվիլին վերադառնա.քաղաքագետ

Բացառված չէ, որ Սաակաշվիլին վերադառնա.քաղաքագետ

444
0

Վրաստանում քաղաքական լուրջ ճգնաժամ է հասունանում Սահմանադրական բարեփոխմանն ուղղված նախագծի տապալումից հետո: Դժգոհությունների ալիքը հասել է այնտեղ, որ իշխող՝ Վրացական երազանք կուսակցության շարքերը լքում են պառլամենտի խոսնակը, մի շարք պատգամավորներ ու ազդեցիկ գործիչներ: Ընդդիմությունն ու ակտիվիստները մի քանի օր է, ինչ բողոքի ցույցեր են անցկացնում: Որքանո՞վ է այս ամենը խնդրահարույց, քաղաքական ի՞նչ վերադասավորումների սպասել և ինչ ազդեցություն կարող է ունենալ այս ամենը հայ-վրացական հարաբերությունների վրա: Araratnews.am-ի զրուցակիցը Կովկասի ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայելյանն է:

Վերջին օրերին Վրաստանում տեղի ունեցող պրոցեսները որքանո՞վ կարող են վերաճել լուրջ ընդվզումների, հանգեցնել քաղաքական անկայունության:

Իսկապես, Վրաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները քաղաքական ճգնաժամ են հարուցում այդ երկրում: Բայց առայժմ ամեն ինչ այնքան լուրջ չէ, որպեսզի խոսենք քաղաքական անկայունության մասին:

Շաբաթներ առաջ հաքերները կոտրել էին Վրաստանի նախագահի կայքէջը, ևս մի քանի պետական կայքեր՝ տեղադրելով Սաաակաշվլիի նկարը՝ I’ll be back (Ես կվերադառնամ) խորհրդանշական գրությամբ: Իրականում, որքանո՞վ է հավանական նրա վերադարձը Վրաստան, վրացական քաղաքական վերնախավ:

Սաակաշվիլիի վերադարձը բացառել պետք չէ: Քանի որ Իվանիշվիլիի համար այդպես էլ այլընտրանքային լուրջ մրցակից չեղավ, ընդդիմության հաղթանակի հավանականությունն աճում է: Իսկ ընդդիմության մեջ համեմատաբար հզոր ուժ նախկինի պես մնում է Սաակաշվիլին: Միևնույն ժամանակ, նախկին նախագահի վերադարձը դժվար թե լինի անցած ձևաչափով, երբ Միխեիլ Սաակաշվիլին ամբողջական իշխանություն ուներ:  Ենթադրում եմ, որ այս անգամ, հաջողության ու հաղթանակի դեպքում, Սաակաշվիլին գործ կունենա կոալիցիայի հետ և հաճախ ստիպված է լինելու պայմանավորվել ինչպես գործընկերների, այնպես էլ ընդդիմության հետ:

Հարևան երկրում կատարվող զարգացումները ինչո՞վ են մտահոգիչ այնտեղ ապրող հայերի համար, ինչպիսի՞ն է վիրահայության, հայկական համայնքի դիրքորոշումը այս հարցում:

Այս պահին դժվար է գնահատել հայ համայնքի դիրքորոշումը, քանի որ այն իրենից չի ներկայացնում մեկ միասնական քաղաքական սուբյեկտ և չունի ուղիղ գործիքակազմ իր դիրքորոշումն արտահայտելու համար: Կարելի է ընդամենը ենթադրել, որ մոտեցումները տարբեր են, ինչպես և ամբողջ հասարակության մեջ: Բայց Վրաստանի հայերի շրջանում Իվանիշվիլիի համախոհներն ավելի շատ են, քան՝ Սաակաշվիլիի, քանի որ մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը, այդ թվում ազգային փոքրամասնությունների, մասնավորապես՝ հայերի դեպքում, այժմ ավելի բարձր է, քան նախկինում էր: Այնուամենայնիվ, Իվանիշվիլին չի կատարել հայ համայնքին տված իր խոստումների մեծ մասը:

Օրերս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի և Վրաստանի իշխանությունների միջև հարաբերությունները աննախադեպ բարձր մակարդակի վրա են: Ընթացիկ զարգացումները մտահոգիչ չե՞ն մեր երկու պետությունների գործակցության համար:

Վրաստանում չդադարող քաղաքական ճգնաժամը խափանում է Հայաստանի կառավարության բոլոր ջանքերը՝ բարելավելու և զարգացնելու այդ երկրի հետ հարաբերությունները:

Փաշինյանը հրաշալի հարաբերություններ է ստեղծել Վրաստանի՝ արդեն երրորդ վարչապետի հետ, բայց քանի որ նրանք հաճախ են փոխվում, առավելապես ներքին դրդապատճառներով ու քաղաքական ճգնաժամով պայմանավորված, ապա քիչ ուշադրություն են դարձնում արտաքին քաղաքականության վրա, մեծ հաշվով՝ չի հաջողվում երկարաժամկետ հեռանկարով որևէ բան ծրագրել:

 զրուցեց Արա Ալոյանը