տուն Լուրեր Գուրոսի նկարները կարծես բնությունից պոկված ու շրջանակի մեջ առնված տեսարաններ են (լուսանկարներ)

Գուրոսի նկարները կարծես բնությունից պոկված ու շրջանակի մեջ առնված տեսարաններ են (լուսանկարներ)

306
0

39953_b

 

1905 թվականին Մելիք- Օհանյանների գերդաստանն ավելացավ մեկ ծնունդով: Նորածնին կնքեցին Գուրգեն անունով, որին հետագայում պիտի անվանեին Գուրոս: Վերջինս մեծացել է շքեղ առանձնատան մեջ, որի դռները միշտ բաց են եղել  մտավորական հայերի ու Թիֆլիսից, Շուշիից, Երևանից ժամանած տարբեր թատերախմբերի առաջ: Ցավոք, դեռ երկու տարին չբոլորած, Գորուսը կորցնում է իր ծնողներին և մնում հորաքրոջ խնամքին: Գուրոսը բավականին լավ տիրապետել է զենքին, նա նաև լավ որսորդ է եղել: Նա տասներկու տարեկան է եղել, երբ երիտթուրքերը գրավել են Զանգեզուրը: Մի օր էլ, մտնելով իրենց նկուղ, Գուրոսը տեսնում է, որ երեք թուրք են դանակահարել այնտեղ։ Նա առանց երկմտելու վերցնում է հոր զենք ու կրակում: Տարիներ  հետո խոստովանում է, որ այդ հոր վրեժն է մնացել իր մեջ, որն իրեն խանգարել է ապրելուն:

Գուրգեն Պարոնյանը` Գուրոսը, առաջին քայլերը որպես արվեստագետ արել է լուսանկարչության ասպարեզում: Լուսանկարչություն Գուրոսը սովորել է հոր թողած գրքերից ու գրառումներից, օգտվել նրա թողած ժառանգությունից: 22 տարեկանից Գուրոսը տասը տարի շարունակ եղել է լուսանկարչության աշխարհում: Շրջել է հայրենի լեռնաշխարհի ամենադժվար հաղթահարելի ու գողտրիկ վայրերում, մագլցել ժայռեր, իջնել անդնդախոր ձորեր` բնության ամենահետաքրքրական պատկերները լուսանկարելու համար: Գուրոսը սիրում էր լուսանկարել պատկերներ: Նա նաև հորիզոններ լուսանկարելու մեծ վարպետ է եղել: Նկարիչը գեղարվեստական լուսանկարչական սքանչելի գործեր ստեղծեց, սակայն 30-ական թվականներին, եկավ այն համոզման, որ  իր լեռնաշխարհի և նրա մարդկանց այդպիսի պատահական պատկերների ստեղծումը իր ներքին աշխարհի ապրումն ու ցանկությունը լիարժեք չեն արտահայտում ու որոշեց, որ այլևս աշխատելու է վրձինով ու ներկով: Գուրոսի կյանքում շրջադարձային է լինում Թերլեմեզյանի հետ հանդիպումը: Նա հանդիպում է Թերլեմեզյանի հետ և միասին գնում են էտյուդի, որտեղ և երկար ուսումնասիրում էր Վարպետի աշխատանքը: Մի օր էլ Վարպետն զգալով Գուրոսի  խանդավատանքը` նրան տալիս է մի կտոր կտավ ու ներկեր, որից հետո էլ Գուրոսը վարակվում է այդ աշխարհով առհավետ: Թերլեմեզյանը, տեսնելով Գուրգենի աստվածատուր շնորհքը, խորհուրդ է տալիս նրան վերցնել ընտանիքը, գնալ Երևան և շարունակել սովորել: Հենց Վարպետի միջնորդությամբ էլ , Խանջյանը նրան Լենինգրադի  Գեղարվեստի ակադեմիա ուսման է ուղարկում: Բայց 6 ամիս անց սպանվում է Խանջյանը և Գուրոսը ստիպված վերադառնում է Երևան:

Ու այդպես հայ կերպարվեստի աշխարհ մուտք է գործում նոր անուն` ինքնատիպ ու Գորիսի լեռների նման  առնական: Նրա անունն էլ Գորիսի մի քիչ հնչյունափոխված  ձևն է `Գուրոս: Նա պատկանում է այն նկարիչների թվին, որոնց համար էականը բնության գեղեցկությունն է, տեսարանի տրամադրությունը` օրվա այս կամ այն պահերին: Չնածած Գուրոսն անցել է կյանքի դժվարին ճանապարհ`սակայն այդ բարդ ճանապարհին ավելի է խորացել նրա սերն առ արվեստը: Նրա առաջին իսկ ցուցահանդեսները նկարիչների միության սրահում աննկատ չանցան` դիտողին չթողնելով անտարբեր: Գուրոսի կտավները  հաղորդում են այն ռոմանտիկ հույզերը,  որ ապրել է նկարիչը բնության տեսարանների առջև: Նրա ստեղծագործություններում զգացվում է իր առանձնահատուկ սերն ու նվիրվածությունը ծննդավայրին ու բնությանը: Գուրոսյան նկարները կարծես բնությունից պոկված ու շրջանակի մեջ առնված տեսարաններ են:

Տաղանդաշատ նկարչի արվեստում մի առանձին աշխարհ ու ճյուղ են  հայկական հուշակոթողները: Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Առաջինը հատուկ շնորհակալություն է հայտնել գեղանկարչին` հայկական եկեղեցիներն անմահացնելու համար: Գուրոսը նաև շատ հետաքրքիր գրել է՝ համեմված  Սյունաց աշխարհին հատուկ խոսք ու զրույցով:

Նրա  ստեղծագործությունների մի կարևոր բնագավառ է կազմում նատյուրմորտը, որոնք ունեն ամուր կառուցվածք, առարկաների կոմպակտ դասավորվածություն և կոմպոզիցիայի հստակություն:

1965 թվականին Գուրոսին շնորհվում է Հայկական ՍՍՀ վաստակավոր նկարչի կոչում։ Մահացել է 1981 թվականին։ Հետմահու կազմակերպվել են բազմաթիվ ցուցահանդեսներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս։

Araratnews.am-ը ֆոտոշարքով ներկայացնում է արվեստագետի աշխատանքների մի մասը: