Խոսակցություններ կան, որ գույքահարկի բարձրացման օրինագիծը հնարավոր է վերանայել: Արդյոք հավաստի են այս լուրերը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն Araratnews.am-ի հետ զրույցում ասաց` չգիտի, թե ովքեր են այդ խոսակցությունների հեղինակները, բայց հիշեցրեց գույքահարկի նախկին օրենքը` մինչեւ 3 մլն դրամ գույքը չէր հարկվում: «Հիմա վերագնահատման հետեւանքով, օրինակ, 3 մլն դրամանոց գույքը եթե դարձել է 10 մլն դրամ, ապա դրա դիմաց 6 տարի հետո վճարելու են 6000 դրամ: 2021 թ-ի վերջին վճարելու են 1250 դրամ: 1250 դրամ տարեկան գումարը ամիսների բաժանած անում է 100 դրամ: Եթե կլինեն այնպիսի ընտանիքներ, որոնք 2021 թ-ին չեն կարողանա այդ ամսական 100 դրամը վճարել, ապա այս փոփոխությունների հետևանքով համայնքը, որը գեներացնելու է այդ գումարը, կկարողանա այդ 100 դրամը չունեցողի փոխարեն վճարել, այսինքն` արտոնություն տալ 10 տոկոսի շրջանակում»,- մանրամասնեց իշխանության ներկայացուցիչը:
Անշարժ գույքի հարկը, ըստ օրենսդիր մարմնի անդամի, պետք է առանձնացնել սոցիալական ծառայություններից: Սրանք հատվում են այն կետում, երբ մարդն ունի սոցիալական աջակցության կարիք:
Կարծիք կա, որ այս օրինագծով ճանապարհ է բացվում գործարարների համար, որոնք կարող են գնել մայրաքաղաքի կենտրոնի տարածքները: Արտակ Մանուկյանը համաձայն չէ: Նրա կարծիքով՝ գուցե հակառակ գործընթաց լինի: «Գուցե գործարարները, կառուցապատողները ցանկանան շինարարություն անել, զարգացնել մարզերն ու ծայրամասերը կենտրոնի փոխարեն: Այսինքն` գույքահարկի բարձրացումը կստիպի մարդկանց խելամիտ տնօրինել իրենց ենթակա տարածքները»,- կարծում է օրենսդիր մարմնի անդամը:
Սոնա Դավթյան