Ինչպես տեղեկացնում է «Փաստինֆո»-ն , Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի մարզերի 34 համայնքներում նոյեմբերի 17-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Համայնքներից 3-ում նախատեսված են գյուղապետի, 28-ում՝ ավագանու, իսկ 3-ում՝ և գյուղապետի, և ավագանու հերթական ընտրություններ: Արագածոտնի մարզի Ջրամբար, Գեղարքունիքի մարզի Ծովինար և Ձորագյուղ, Լոռու մարզի Մարգահովիտ համայնքներում սահմանված ժամկետում՝ մինչև հոկտեմբերի 18-ի ժամը 18-ը, առաջադրվել են գյուղապետի 2-ական, իսկ Արագածոտնի մարզի Թթուջուր և Տավուշի մարզի Աչաջուր համայնքներում՝ գյուղապետի 3-ական թեկնածուներ: Ընդ որում՝ բոլոր այս 6 համայնքների ղեկավարները վերընտրվելու հայտ են ներկայացրել: Նրանցից 4-ը ՀՀԿ անդամ են, 2-ը՝ անկուսակցական: Գյուղապետի պաշտոնի բոլոր հավակնորդներն ինքաառաջադրվել են: Նրանցից 6-ը Հայաստանի Հանրապետական, մեկը՝ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների անդամներ են, մնացած 7-ը՝ անկուսակցական: Ի դեպ՝ ընդհանուր առմամբ առաջադրված 14 թեկնածուներից 2-ը կանայք են: Նրանցից մեկը՝ անկուսակցական Նազելի Մկրտչյանը, առաջադրվել է Արագածոտնի մարզի Ջրամբարի, իսկ մյուսը՝ ՀՀԿ անդամ Տաթև Գասպարյանը՝ Տավուշի մարզի Աչաջուրի գյուղապետի թեկնածու: Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի մարզերի 31 համայնքներում, որտեղ ավագանի են ընտրելու, ընդհանուր առմամբ առաջադրվել է 256 թեկնածու: Բոլորն էլ՝ ինքաառաջադրման կարգով: Այս դեպքում ևս մեծամասնությունը տղամարդիկ են. կանանց թիվն երկու տասնյակից մի փոքր ավելի է: