Ու հաջողությունն էլ կսիրահարվի ձեզ եւ ձեր հետեւից կվազի
Գործից դուրս սիրում է զբաղվել սպորտով, շոփինգով, սիրում է ընկերների հետ հավաքույթներ կազմակերպել: Հատուկ օրեր ունեն՝ «պիլմենիի օր», «սելյոդկայի օր», «էկլերի օր», «պրոֆիտրոլի օր»՝ տաք շոկոլադով; Շատ հետաքրքիր են անցնում նրանց գաստրոնոմիական թեմատիկ օրերը։ Եվ իհարկե, գիրք է կարդում։ Էս պահին կարդում է Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկները», որը նվիրել է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։
Դուք հարցազրույցներում քանիցս ասել եք, որ ժամանակին պահանջված լրագրողներից եք եղել։ Կհիշե՞ք արդյոք, որն է եղել Ձեր լավագույն հոդվածը և որ ժանրում էր։
Ես կարծում եմ, ոչ, ես վստահ եմ, որ Հայաստանի լավագույն լրագրողներից եմ եղել ու ես էնքան լավագույն հոդվածներ եմ ունեցել, որ մեկը կամ երկուսը պարզապես հնարավոր չէ առանձնացնել։ Ես յուրաքանչյուր հոդվածի վերաբերվել եմ նաեւ որպես լրագրության մեջ հատուկ մի գրական ժանրի, որ բացի ինֆորմացիա տալուց՝ էստեթիկորեն եւ գրվածքի առումով հետաքրքիր պիտի լինի, որ մի շնչով կարդան։ Ասեմ էսպես՝ «գրդոն» նյութեր, որոնց վրա քիչ եմ աշխատել, գրեթե չեմ ունեցել, կամ՝ դրանք եզակի են եղել։
Այժմ ճանաչված քաղաքական գործիչ եք, եթե մեկ օրով դարձյալ լրագրող լինեիք, ինչի՞ մասին կցանկանայիք գրել։
Երբեմն շունչս կտրվում է, որ տեսնում եմ, թե ինչ փայլուն լրագրողական նյութեր են կորչում, ու մեր լրագրողները դրանք անգամ չեն էլ նկատում։ Այսօրվա Հայաստանը, երեկվանն էլ հետը, լրագրողական լիքը նյութի երկիր է։ Էսօր գրեթե չկա ոլորտ, որի մասին ես ֆանտաստիկ լրագրողական հոդվածներ չգրեի։ Հիմա էլ, եթե հետեւում եք իմ ֆեյսբուքյան էջին, իմ գրեթե յուրաքանչյուր գրառումը մինի լրագրողական հոդված կամ վերլուծություն է։
Դուք կայացած կին եք թե կյանքում, թե քաղաքականության մեջ։ Ո՞րն է հաջողության գրավականը։
Իմ վստահ համոզմամբ՝ հաջորղությունը սիրում է լավատես մարդկանց։ Ես միշտ լավատես եմ, երբեք որեւէ մեկին չեմ նախանձում, իմ առջեւ միշտ հնարավորից առավել մեծ երազանքներ եմ դնում, ինձ համար՝ «հնարավոր չէ», կամ՝ «ես դրան արժանի չեմ», կամ՝ «ես դա չեմ կարող», հասկացություններ չկան։ Դրեք ձեր առջեւ մեծ երազանքներ եւ գնացեք դեպի ձեր երազանքն ու կտեսնեք, որ ամեն ինչ, անգամ անհնարը, հնարավոր է։ Եվ ամենակարեւորը՝ ամեն ինչ արեք սիրով՝ սիրեք սիրով, փողոցում քայլեք սիրով, ժպտացեք սիրով, թեյ խմեք սիրով, ձեր հարազատների հետ ժամանակ անցկացրեք սիրով ու հաջողությունն էլ, հավատացնում եմ՝ կսիրահարվի ձեզ ու ձեր հետեւից կվազի։
Քաղաքականությունն էլ, ինչպես կյանքում ամեն բան, հավերժ չէ։ Նաիրա Զոհրաբյանն ինչպե՞ս է պատկերացնում հետագա կյանքն առանց քաղաքականության։
Ծովի ափին տուն, ամեն առավոտ ոտաբոբիկ, լափթոփը ձեռքիս տակ, գնալու եմ ծովափ, փոքրիկ սեղանիկի վրա նարնջի թարմ քամած հյութ, վարսակի թխվածքաբլիթ, ու քաղաքական հուշեր եմ գրելու։ Հաստատ բեսթսելլեր է դառնալու։ Ցանկությունը կա, գաղափարը կա, գրելու ձիրքը կա, մնաց տունը։
Մշտազբաղ Նաիրա Զոհրաբյանը խոհանոց մտնելու ժամանակ ունենո՞ւմ է։ Ի՞նչ եք սիրում պատրաստել, եւ վերջին անգամ ե՞րբ եք պատրաստել։
Եթե ասեմ, որ ամեն օր խոհանոցում ճաշ եմ պատրաստում՝ մեծ սուտ կլինի։ Դա անում է մայրս։ Բայց երեկոները մենք մեր մեծ ընտանիքով հավաքվում ենք թեյ խմելու ու էդ ժամանակ մենք քույրերով, հերթով, ու գործ անելու հերթականությունը աշխատում ենք չխախտել, ինչ-որ բան պատրաստում ենք։ Ու երբ իմ հերթն է, կարող եմ էկզոտիկ մրգերով սալաթ պատրաստել՝ պապայա, մանգո, ավոկադո, չամիչ եւ մեղր, կամ՝ մալինայով ու կաթնաշոռով կեքս։ Վերջին անգամ նման դեպք պատահել է մի քանի օր առաջ։
Ձեր ղեկավարած հանձնաժողովը մարդու իրավունքի պաշտպանությանն է ուղղված։ Կինը պաշտպանվա՞ծ է արդյոք այսօր։
Գիտեք, շատ բան կախված է նաեւ կնոջից։ Եթե կինն ուզում է, որ իրեն անընդհատ խղճան, պաշտպանեն ու ինքը ոչինչ չի անում իր իրավունքները պաշտպանելու համար, ինչ հանձնաժողով ուզում է լինի, ով ուզում է լինի՝ գրեթե ոչնչի հասնել չենք կարող։ Ցավոք, այսօր հատկապես բռնությունը կանանց հանդեպ լուրջ խնդիր է, եւ էստեղ մենք բոլորս մեծ անելիք ունենք։ Ու եթե կինը տեսնում է, որ իր կողքին բռնարար, անառողջ մարդ է, ով մեկ անգամ արդեն ձեռք է բարձրացրել իր վրա, պիտի լուրջ հետեւություններ անի ու կաղապարված չլինի կեղծ հանրային կարծիքներով կամ հայկական ավանդական ընտանիքի մասին թյուր պատկերացումներով։ Ընտանիք, որտեղ կա բռնություն, ինձ համար չի կարող հայ ընտանիքի ավանդական մոդել համարվել ու դա աքսիոմ է։ Գոնե ինձ համար։
Զրույցի վերջում` որպես կին և որպես պատգամավոր, ի՞նչ կմաղթեք հայ կանանց, մայրերին եւ ինչու չէ` նաև ինքներդ Ձեզ։
Կմաղթեմ ամենակարեւորը՝ միշտ լինել սիրված, որովհետեւ երբ կինը սիրված է՝ կինը գեղեցիկ է, խնամված է, պոզիտիվ է, ու սիրված կինը կարող է սարեր շուռ տալ եւ ամեն տեղ հասնել հաջողության։ Սիրո պակասից են կանայք տգեղանում, չարանում, ճարպակալում, տխրում ու դառնում ագրեսիվ եւ նյարդային։ Լինել սիրված։ Մնացած ամեն ինչը, վստահեցնում եմ ձեզ, սուտ է։ Սա ես ասում եմ որպես կին, ով մշտապես եղել է սիրված ու ես գիտեմ, թե սերը ինչ հրաշքներ կարող է գործել։
Հայկ Մագոյան