տուն #Գործիցդուրս «#ԳործիցԴուրս»` Araratnews.am-ի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն են

«#ԳործիցԴուրս»` Araratnews.am-ի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն են

727
0

Քանի որ «#ԳործիցԴուրս»  նախագծի սկզբում հայտարարել էինք, որ կանանց տոների կապակցությամբ առաջիկա շաբաթների բոլոր զրույցները նվիրված են լինելու կանանց`գեղեցիկին, վսեմին, լավին, այդ իսկ պատճառով միամսյակի եզրափակիչ շաբաթվա զրույցը կլինի ֆորմատից դուրս. մեր խմբագրության գեղեցիկը մարմնավորողները կպատմեն գործից դուրս իրենց գործունեության մասին և բարեմաղթանքներ կհղեն աշխարհի բոլոր կանանց ու մայրերին: 

Սիրելի կանայք, մայրեր, օգտվելով առիթից, մեր խմբագրության տղամարդկանց անունից ևս, շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ գարնանային տոնի առթիվ: Մաղթում եմ, որ լինեք գնահատված, սիրված, առողջ ու երջանիկ: Եվ թող գարնանային զարթոնքը ձեզ պարուրի ջերմությամբ ու լավատեսությամբ: Առողջ եղեք: Շնորհավորում ենք…

«#ԳործիցԴուրս»`AraratNews.am կայքի խմբագիր Կարինե Ավետիսյանն է

Աշխատանիքս բնույթից ելնելով, գործից դուրս դարձյալ զբաղվում եմ գործով։ Հետո պահ է գալիս, երբ ինձ ստիպում եմ ուղղակի կտրվել աշխատանքից, որպեսզի ինքս ինձ հիշեցնեմ, որ այլ հետաքրքրություններ էլ ունեմ։ Ես մուսայի մարդ եմ։ Երբ մուսաս գալիս է, կարող եմ ինչ-որ հետաքրքիր իրեր պատրաստել, նկարել, հետո զարմանալ, որ դրանք իմ աշխատանքներն են։ Շատ եմ սիրում արվեստն՝ իր բոլոր դրսեւորումներով. աշխատում եմ բաց չթողնել լավ համերգները, ցուցահանդեսները, ներկայացումները։

Հիմա, կարելի է ասել, ամենադժվար եւ վտանգավոր, կորոնավիրուսային ժամանակաշրջանում ենք ապրում։ Կանանց, հատկապես մեր մայրերին կմաղթեմ առողջություն, քանի որ իրենք ամենախոցելի խմբում են, իսկ ընդհանրապես, ցանկանում եմ, որ կինը միշտ լինի գնահատված եւ իր ստեղծած աշխարհում միշտ լինի երջանիկ։

«#ԳործիցԴուրս»`AraratNews.am կայքի լրագրող Սոնա Դավթյանն է

Ապրիլի 7-ը յուրօրինակ տոն է ինձ համար: Ամեն տարի մայրերով, քույրերով, հարազատներով գործից դուրս հավաքվել, հիշել անցած-գնացած օրերը, ինքնարժեւորվել…

Ցավոք, այս տարի այդ հարազատ հավաքը հնարավոր չէ կազմակերպել համաճարակի պատճառով: Պատի ժամացույցի պես մարդկանց կյանքը կանգնեցրած վարակը եւս մեզ ստիպում է մտածել այնպիսի արժեքների մասին, ինչպիսիք են՝ մայրությունը, գեղեցկությունն ու ամենակարևորը՝ կյանքը…

«#ԳործիցԴուրս»`AraratNews.am կայքի լրագրող Օլյա Շահինյանն է

Աշխատանքն ավարտվելուն պես, հենց տրանսպորտից սկսվում է գործից դուրս կարգավիճակը: Ճանապարհին Deep Purple, Queen, Գոռ Սուջյան, Սոնա Ռուբենյան և Գարիկ եմ լսում, շատ հաճախ նաև մեր «Փեթակում» հաղորդումն եմ դիտում: Տանն արդեն անցնում եմ թեզին, բայց այդ ընթացքում երաժշտությունը նույնպես անհրաժեշտ պայման է՝ պարզապես այլ երգացանկով. Արամ Mp3, Էմինեմ, Ռամշտայն, երգացանկում մեծ տեղ ունեն նաև եվրատեսիլյան հիթերը: Թեզիս թեման՝ PR ակցիաները և ՀՀ թավշյա հեղափոխությունն է: Աշխատում եմ հնարավորինս շատ հոդվածներ ու վերլուծականներ կարդալ նյութի շուրջ: Առհասարակ, տուն գնալիս միշտ Դեմիրճյան տեսակի խնձոր եմ գնում, տան ճանապարհին հարազատ կուրսընկերուհուս եմ զանգահարում: Առաջ հաճախակի էի քաղցրավենիք գնում, բայց հիմա այդ սովորությունը վերացրել եմ: Հնարավորության սահմաններում խորհուրդներովս, որպես ավագ ընկեր, օգնում եմ ցածր կուրսերում սովորող ուսանողներին:

Շաբաթ կամ կիրակի օրերին աշխատում եմ եկեղեցի գնալ՝ եթե հերթապահություն չեմ ունենում: Առհասարակ ամեն օր՝ առավոտյան տնից դուրս գալուց առաջ Նոր կտակարան եմ ընթերցում: Ուսումնական ամբողջ տարվա ընթացքում խորին ակնածանքով սպասում եմ ամռանը. կարճատև ճանապարհորդություններ եմ ծրագրում …որոնք, ըստ էության, համաճարակային պայմաններում այս տարի դժվար թե ստացվեն:

Ըստ Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցի՝ ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է։ Զուտ տոնի սուրբ խորհրդին հետևելով՝ ուզում եմ շնորհավորել բոլոր մայրերին: Որպես քաղաքագիտության բակալավրի աստիճան ունեցող մարդ, հասցրել եմ ուսումնառության ընթացքում անհատական ու շատ հաճախ ոչ այնքան ստանդարտային մտածելակերպ ձևավորել. ինձ համար մարտի 8-ն ու ապրիլի 7-ը խտրականության ու տարբերության դրսևորումներ են: Այնուհանդերձ, խաղաղություն, առողջություն և արևշատություն համայն աշխարհի մայրերին:

«#ԳործիցԴուրս»`AraratNews.am կայքի միջազգային լրահոսի պատասխանատու Շուշան Եղիազարյանն է

Կյանքս գլխիվայր փոխվեց, երբ ծնվեց աղջիկս։ Օրս սկսվում ու ավարտվում է նրանով։ Աշխատանքից դուրս, թե աշխատանքի ժամանակ դարձյալ նա է ներկա։ Ավելի շատ կցանկանայի գրել, թե ինչով եմ երազում զբաղվել աշխատանքից դուրս, երազում եմ հասցնել քնել․․․ կատակ չէ, լավ, չեմ կատակում, իսկապես մեկ տարեկան փոքրիկի հետ, ում համար գիրկդ ամենահարմար ու նախընտրելի ժամանցի վայրն է դարձել, անգամ եղունգները հարդարելն է երազանք դարձել։

Ես շնորհակալ Ամենակարողին ամեն ապրածս րոպեի համար։ Ապրիլի 7-ի առթիվ էլ ուզում եմ․․․ թերևս առողջ լինենք բոլորս։

«#ԳործիցԴուրս»`AraratNews.am կայքի թողարկիչ, «Արխիվ» հաղորդաշարի հեղինակ Վարդիթեր Գիշյանն է

Աշխատանքային հագեցած օրն իր ավարտին է մոտենում երեխաների հետ դասապատրաստումից և զբոսանքից հետո:

Իսկ եթե փորձեմ նախասիրություններիս անդրադառնալ, ապա կասեմ, որ առօրյայիս զգալի մասնը կազմում է գրքերի հետ ունեցած հաղորդակուցությունս՝ ինչպես ընթերցելու, այնպես էլ՝ գրելու առումով: Այս պահին աշխատում եմ «Սիրո գերագույն ճանապարհ» գրքի վրա, որն ամբողջությամբ վավերագրություն է, այն պատմում է Պարսկաստանում հայ եկեղեցու սկզբի ու անցած ուղու մասին:

Առօրյայիս սիրելի պահերից է խոհանուցում լինելը։ Իմպրովիզներ շատ եմ սիրում, այդ պատճառով խոհանոցում ավելի շատ սիրում եմ ստեղծագործել, քան ուղղակի կերակուր պատրաստել: Կորոնավիրուսով պայմանավորված՝ այս օրերը լավ առիթ ու հնարավորություն են մեր սիրելի կանանց համար՝ ոչ միայն ընտանքի ու երեխաների հետ ժամանակ անցկացնելու, այլև խոհանոցում անելու այն բոլոր նորարարությունները, որոնք աշխատանքային հագեցած ռեժիմի մեջ հաճախ հնարավոր չի լինում կատարել:

Մաղթում եմ, որ այս գարունը, որը տխրություն ու թախիծ կրկին բերեց իմ Հայաստան աշխարհին, նոր կյանքի սկիզբ լինի, նոր շունչ հաղորդի իմ հայ ժողովորդին, թող այս համազգային փորձությունը լինի հայ ազգիս զարթոնքի սկիզբ, որը կհաղթահարենք պատվով, ինչպես շատ ու շատ անգամներ ենք հաղթահարել:

«#ԳործիցԴուրս»`AraratNews.am կայքի երեկոյան թողարկիչ Ֆենյա Ալավերդյանն է

Իմը մի փոքր այլ է։ Ես աշխատանքս ավարտելուց հետո քնում եմ։ Իսկ մինչ աշխատանքը սկսելը զբաղվում եմ իմ փոքրիկով։ Նրան կերակրելով, խնամելով, ժամանակ առ ժամանակ լուսանկարելով` նրա ամեն մի ժպիտը, միմիկան (շատ կարևոր է ինձ համար)։ Օրս սկսվում և ավարտվում է իմ ձագուկով։ Նույնիսկ ժամանակս չի բավականացնում։

Շնորհավորում եմ բոլոր մայրիկներին, աղջիկներին ու տատիկներին ապրիլի 7-ի կապակցությամբ: Ցանկանում եմ, որ նրանց բոլոր երազանքներն իրականություն դառնան: Ու այսօրվա նվիրած բոլոր ծաղիկները թող իրենց նուրբ բույրերով օծեն օրվա ամեն վայրկյանը`նվիրելով գեղեցկություն, ներդաշնակություն և անսահման սեր:

«#ԳործիցԴուրս»`AraratNews.am կայքի սրբագրիչ Անժելա Նիկողոսյանն է

Գործից դուրս. միայն անհրաժեշտության դեպքում գնում եմ խանութ, լսում եմ դասական երաժշտություն, դիտում եմ զվարճալի ֆիլմեր։ Սպասում եմ լավ օրերին, որոնք, անշուշտ, գալու են։

Ապրիլի 7-ի կապակցությամբ բոլոր կանանց ու աղջիկներին ցանկանում եմ առողջություն, երջանկություն և այս դժվարին օրերը հաղթահարելու կամք ու հավատ։

Պատրաստեց՝ Հայկ Մագոյանը