Գործը գնաց լրիվ այլ հունով, բայց նախաքննական մարմինը պետք է օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտեր: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
«Նախաքննական մարմինը պետք է ասեր, հարգելի տուժողներ դեպքը այսպես է եղել: Հիմա պետք է որոշենք՝ ինչ անենք հետո, ոչ թե վերցներ 5 տուժողների ներկայացրած փաստարկը ու ընկներ դրա ձեռը կրակը»,-ասում է Բաղդասարյանը:
Փաստաբանը այսօր մասնակցել է նաեւ տուժող կողմի սկսած փորձաքննությանը մեքենայիˋ կողային հայելիների լինել-չլինելու վերաբերյալ:
«Ես չեմ հավատում, որ տենց բան լիներ, չի կարող վթարի ենթարկվելուց կողային հայելիները թռնի մեքենայի մեջ: Փորձաքննությունը շարունակվում է, ես մասնակցում եմ, այսօր էլ նկարել եմ մեքենան»,-ասում է Բաղդասարյանը:
Այն հարցին, թե ինչպես պետք է տուժող կողմի պահանջով կրկին փորձաքննություն կատարվի՝ վթարի ժամանակ Վարդան Պետրոսյանի խմածության աստիճանը ստուգելու համար, Բաղդասարյանը պատասխանեց.
«Արդեն իսկ փորձաքննությունը, որը կասկածի տակ է դրվել, վաղուց կատարվել է: Դրա եզրակացությունն էլ հայտնի է, որ հնարավոր չէ որոշել խմածության աստիճանը, արդեն երկու ամիս անցել է դեպքից: Իսկ այն ժամանակ, վթարից անմիջապես մի ժամ 20 րոպե հետո, քննիչի որոշման հիման վրա ստուգվել է ու պարզ դարձել, որ Վարդան Պետրոսյանը եղել է սթափ վիճակում»: