Հայաստանի և Եվրոպական միության գործընկերության և համագործակցության
շրջանակի, Հայաստանի տարբեր ոլորտներում ԵՄ աջակցությամբ իրականացվող
ծրագրերի, ծրագրերի շահառուների վերաբերյալ տեղի ունեցավ EU4Armenia
համապարփակ հարթակի պաշտոնական ներկայացումը:
EU4Armenia.am-ը մշակված է էլեկտրոնային քարտեզի տեսքով, որը ներկայացնում
է ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակը և Եվրոպական միության
աջակցությամբ տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը` ըստ մարզերի և
համայնքների: Հարթակը նոր գործիք է, որն առցանց մեկտեղում է այն լայնածավալ
գործունեությունը, որն իրականացնում է ԵՄ-ը Հայաստանի համար:
Շնորհավորելով և ողջունելով ԵՄ դեսպանին, ինչպես նաև Եվրոպական ինտեգրման
հանձնաժողովի նախագահին, դեսպաններին և մյուս հյուրերին՝ Հակոբ Արշակյանն
իր ելույթում նշել է, որ հասարակության առաջ հաշվետվողականությունը,
թափանցիկությունը առաջնահերթություն են Հայաստանի կառավարության համար:
«Այդ առումով նորաստեղծ այս պլատֆորմը հրաշալի հնարավորություն է՝
ցուցադրելու, թե հատկապես որ ծրագրերն են իրականացվում, ինչպիսի
առաջընթաց ունեն, ինչ արդյունավետություն են ապահովում: Հատկապես
կարևորելով ծրագրերի իրականացման թափանցիկությունը՝ տեխնոլոգիաների
զարգացմանը զուգընթաց կարող ենք թե՛ ֆունկցիոնալ, թե՛ ծրագրային առումով
զարգացնել այն և համագործակցությունը ԵՄ-ի հետ դարձնել ավելի
արդյունավետ»,- նշել է նախարարը:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում Եվրոպական միության
ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
«Հայաստանի համար Եվրամիությունը նույնն է, ինչ Հայաստանը Եվրամիության
համար: Մենք կարող ենք արդյունավետ փոխազդել միասին: Մեկնարկած
էլեկտրոնային պլատֆորմը կոչված է բարձրացնելու ՀՀ քաղաքացիների
տեղեկացվածությունը հանրապետությունում ԵՄ գործունեության վերաբերյալ,
ինչպես նաև այդ գործունեությունը ավելի թափանցիկ դարձնելու համար»,- ասել
է դեսպանը՝ հավելելով, որ կայքը պարունակում է բոլոր տեղեկությունները
Հայաստանում ԵՄ գործունեության ուղղությունների վերաբերյալ:
Միջոցառմանը ներկա էին հյուրեր՝ ՀՀ կառավարությունից, Ազգային ժողովից,
Հայաստանում հավատարմագրված օտարերկյա դեսպանություններից, Հայաստանում
գործող միջազգային կազմակերպություններից, ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող
ծրագրերից և դրանց շահառուներից:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն