Մամուլում կեղծ լուրեր են պտտվում, թե իբր «ՍԻԼ Կոնցեռն»-ի հիմնադիր, գործարար Խաչատուր Սուքիասյանը կապված է «Հայինկասացիա» ՓԲԸ-ի լուծարման գործընթացի հետ:
Araratnews.am-ի հետ զրույցի ժամանակ Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը հերքել էր այս տեղեկությունները, նշելով, որ սա Սուքիասյանների մասին սուտ և կեղծ լուրեր տարածելու առաջին դեպքը չէ։ «Մենք էլ գիտենք սուտ լուրեր տարածողների մասին և գիտենք, թե ովքեր են դրանց տերերը: Հասարակության լայն շերտերն էլ գիտեն, թե ովքեր են դրանց տերերը»,- ասել էր խոսնակը։
Այս թեմայի առնչությամբ Arartnews.am լրատվականը գրավոր հարցում էր ուղարկել նաև ՀՀ կենտրոնական բանկ, որպեսզի վերջինս պարզաբանումներ ներկայացնի «Հայինկասացիա» ՓԲԸ-ի լուծարման գործընթացի հետ կապված:
Ստորև ձեզ ենք ներկայացնում գրավոր հարցման ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության պատասխանները։
Ինչո՞ւ է ՀՀ ԿԲ-ն որոշել լուծարել «Հայինկասացիա» ՓԲԸ-ն:
Ընկերությունն իր գործունեությունը սկսել է ծավալել դեռևս 2006 թվականին՝ նպատակ հետապնդելով բանկային համակարգի կայացմանը զուգընթաց զարգացնել նաև ինկասացիոն ծառայությունների մատուցման շուկան, ապահովելով անխափան դրամաշրջանառության կազմակերպումը: Ներկայում ինկասացիոն ծառայությունների շուկան կայացած է, համապատասխան ընկերությունների քանակը զգալիորեն ավելացել է, ինչով էլ դրամաշրջանառության կազմակերպման խնդիրը կարելի է համարել ապահովված: Ուստի, նկարագրված հանգամանքների ուժով ՀՀ կենտրոնական բանկի հետագա ներգրավվածությունը նշված ոլորտում դիտվել է աննպատակահարմար:
Ի՞նչ կապ ունի գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ լուծարման այս
գործընթացի հետ: Մամուլում շրջանառվում է նրա անունը:
«Հայինկասացիա» ՓԲԸ-ի լուծարման գործընթացը սկսվել է ընկերության միակ բաժնետիրոջ որոշմամբ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի՝ լուծարումը ընկերության գործունեության դադարումն է՝ առանց նրա իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձի անցնելու: Ուստի՝ ընկերության լուծարման նպատակով ձևավորված է լուծարային հանձնաժողով, որի կողմից իրականացվում է ընկերության լուծարումը: Գործարար Խաչատուր Սուքիասյանը ընկերության լուծարման հետ կապ չունի:
Հայաստանում քանի՞ ընկերություն կա, որ կատարում է նման գործառույթ,
ինչպիսին կատարում էր «Հայինկասացիան»:
Համաձայն ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 2302-Ն որոշման, ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորումն իրականացնում է ՀՀ ֆինանսների նախարարությանը: Ուստի, նման ընկերությունների և դրանց քանակի վերաբերյալ առավել ստույգ տեղեկություններ կարող եք ստանալ ՀՀ ֆինանսների նախարարությունից: Մեր տեղեկություններով, ներկայում Հայաստանում ինկասացիոն ծառայությունների լիցենզիա ունի թվով 5 կազմակերպություն, որի հաշվարկում լուծարվող ընկերությունը չի ընդգրկված:
Սուքիասյանները պարտավորություն ունե՞ն «Հայինկասացիա»-ի
աշխատակիցների նկատմամբ, թե ոչ:
Ինչպես նշվեց վերևում, գործարար Խաչատուր Սուքիասյանը որևէ առնչություն չունի ընկերության լուծարման հետ, ինչպես նաև չի հանդիսանում ընկերության բաժնետեր: Ուստի անհասկանալի է, թե ինչ պարտավորության մասին կարող է խոսք լինել:
Ցանկանում ենք հավելել նաև, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից որդեգրվել է իր առանցքային գործառույթների հետ չկապված ձեռնարկատիրական գործունեության ոլորտներում (դուստր ընկերություններում) ներգրավվածությունը հետևողականորեն դադարեցնելու (նվազեցնելու) քաղաքականություն, նման դիրքորոշումը ձևավորվել է նաև ՀՀ կենտրոնական բանկի միջազգային գործընկերների հետ խորհրդակցությունների ընթացքում: