ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է արգելել գովազդի հեռարձակման ժամանակ գովազդակրի կողմից ձայնային ռեժիմի կտրուկ ուժեղացումը:
«Առաջարկվող օրենքի նախագծի նպատակն է` նպաստել Հայաստանի Հանրապետությունում նյարդային համակարգի եւ զգայական օրգանների հիվանդությունների տարեցտարի աճող տեմպերի կրճատմանը: Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների 2007-2011 թվականներին հանրապետությունում նկատվել է նյարդային համակարգի եւ զգայական օրգանների հիվանդությունների աճ եւ որ ամենամտահոգիչն է՝ այդպիսի աճ նկատվել է նաեւ 0-14 տարիքային խմբի երեխաների մոտ (http://www.armstat.am/file/doc/99471458.pdf): Հարկ է նշել, որ երեխաների լսողական օրգանը շատ ավելի նուրբ եւ խոցելի է, քան մեծահասակներինը, հետեւաբար, գովազդի հեռարձակման ժամանակ գովազդակրի կողմից ձայնային ազդանշանների կտրուկ բարձրացումը ոչ միայն կարող է հանգեցնել սթրեսային հիվանդությունների առաջացման, այլեւ՝ լսողական օրգանների ֆունկցիոնալ խանգարման:
Գիտականորեն հիմնավորված է, որ աղմուկի բարձր մակարդակը կարող է ազդել վեգետատիվ ֆունկցիաների, տարբեր օրգան-համակարգերի վրա (սրտանոթային, ստամոքսաաղիքային, հորմոնային): Հանկարծակի աղմուկը հանդիսանում է սթրես առաջացնող գործոններից մեկը:
Գովազդի հեռարձակման ժամանակ ձայնի կտրուկ բարձրացումը ոչ միայն հանգեցնում է սթրեսի հակված անձանց մոտ մի շարք հիվանդությունների զարգացմանը, այլեւ կարող է խոչընդոտ հանդիսանալ արդեն իսկ սթրեսային հիվանդություններով տառապողների մոտ հիվանդության հաղթահարմանը»,- ասված է Թ. Պողոսյանի նախագծի հիմնավորման մեջ:
Կառավարությունը, սակայն, եզրակացրել է, որ նախագծով առաջարկվում է սահմանել արգելող նորմ, որի խախտման իրավական հետևանքները նախատեսված չեն ոչ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և ոչ էլ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով: Հետևաբար փոփոխությունը կկրի հռչակագրային բնույթ:
«Խնդրի համապարփակ կարգավորման նպատակով անհրաժեշտ է փոփոխություն կատարել նաև վերոհիշյալ օրենքներից մեկում: Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է. ներկայացված օրենքի նախագիծը լրամշակման կարիք ունի»,- ասված է կառավարության եզրակացության մեջ, որը կքննարկվի վաղվա նիստում: