Araratnews.am-ի լրագրողը քաղաքական վերջին զարգացումների, «հրաշալի քառյակի» գործունեության և այլնի մասին զրուցել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանի հետ:
-Պարոն Սաֆարյան, արդյոք «Ժառանգության» հետ համաձայնեցված է, որ խոսվում է «հրաշալի քառյակի» մասին:
-Մենք մինչև Տեր-Պետրոսյանի ելույթը, մինչև անգամ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը և հատկապես Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթից հետո մի բանում բոլորս հստակ համաձայնություն ունենք՝ մինչև ապրիլ ցանկալի է միասնական հրապարակի և միասնական օրակարգի ձևավորումը: Այսինքն, այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք կողմ կարտայատվեն «Ժառանգություն» կուսակցության այս գաղափարին, մենք բոլոր այդ գաղափարները կպաշտպանենք: Հիմա Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթից հետո խոսել է Լևոն Տեր-Պետրոյանը: Մեր դիրքորոշումն այն է, որ ընդդիմադիր կոնսոլիդացիան հրամայական է, բայց մենք վարչության որոշում չենք կարող ունենալ այս կամ այն քաղաքական գործիչի (ոչ մեր քաղաքական ուժին պատկանող) հայտարարած մտքերի, դիտարկումների հետ կապված: Տեր-Պետրոսյանն ինքն իր դիտարկումն է արել տարբեր խնդիրների վերաբերյալ, այդ թվում նաև որ «քառյակը հրաշալի» է: Դրա հետ, ինչպես նաև մյուսների հետ ես կարող եմ համաձայն լինել կամ համաձայն չլինել: Դա չի նշանակում, որ նրանք, ովքեր համաձայն են, ներկայացնում են կուսակցության տեսակետը, իսկ նրանք, ովքեր համաձայն չեն՝ չեն ներկայացնում կուսակցության տեսակետը:
-Պարոն Սաֆարյան կոնկրետ ի՞նչ հարցերի շուրջ եք պատրաստվում համագործակցել մյուս երեք ուժերի հետ և ինչպիսի՞ համագործակցություն եք պատկերացնում:
-Մենք արդեն հստակ ասել ենք, թե ինչի շուրջ կարող ենք համախմվել, և երեկ մեր կուսակցության խոսնակը վերահաստատել է մեր դիրքորոշումը, որն առավել քան անհրաժեշտություն էր ՀԱԿ- ԲՀԿ հանդիպումից հետո, երբ կողմերից մեկը ներկայացրեց, որ քննարկել են ամբողջական իշխանափոխության խնդիրը, իսկ ԲՀԿ-ն տարածեց հաղոդագրություն, ըստ որի, իրենք համաձայնություն չունեն ամբողջական իշխանափոխության հարցում: Իսկ մեր կուսակցության խոսնակը երեկ ամբողջությամբ վերաշարադրել է մեր կուսակցության դիրքորոշումը, ըստ որի ամբողջական իշխանափոխությունը հրամայական է: Մեր կուսակցության դիրքորոշումը սա է, ինչը ընդգծված է եղել փետրվարի 18-ի Րաֆֆի Հովհաննիսյանի ելութում, ինչը և եղել է կուսակցության դիրքորոշումը նախագահական ընտրություններից հետո: Հետևաբար, մեզ համար ոչ թե գործողության փաստն է էական, այլ այն, թե ինչի շուրջ է այդ համաձայնությունը: Այդ առումով, ցավոք սրտի, կարծեք թե, քառյակից այդ գաղափարը կիսում է ՀԱԿ-ը և «Ժառանգություն»-ը: Հատկապես երեկվա հանդիպումից հետո դա ակնհայտ դարձավ:
-Պարոն Սաֆարյան, ի՞նչ եք կարծում, ԲՀԿ-ն երբևէ կհակադրվի՞ Սերժ Սարգսյանին:
-Երեկվա հանդիպումից ստացվում է, որ գոնե առայժմ ԲՀԿ-ն համաձայն չէ ամբողջական իշխանափոխության խնդրին, որն, իհարկե, արդեն կարող է հարցեր առաջացնել առաջ շարժվելու ուղիների վերաբերյալ: Կա երկու ճանապարհ՝ քաղաքական ուժերը կարող են համախբվել ավելի փոքր խնդիրների շուրջ, ասենք այն խնդիրների, որոնք մեր առջև կանգնում են խորհրդարանից մինչև Երևանի ավագանի և այլն, իսկ մյուս ճանապարհը համագործակցությունը շարունակելու դա այն է, որ հասարակությանը պետք է տեղյակ պահենք, որ մենք համագործակցում ենք այս-այս խնդիրների շուրջ և ոչ ավելին, որպեսզի անիմաստ սպասումներ չլինեն, և մարդիկ մեզնից այլ բան չսպասեն, որ մենք հետագայում չունենանք այնպիսի հարցերի պատասխան, որոնց շուրջ սպասումներ են առաջացել: Մենք մի անգամ նմանատիպ իրավիճակով անցել ենք, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը և մենք բազմիցս հայտարարել ենք, որ մենք արյան բեռի տակ չենք ընկնելու, բայց, ցավոք սրտի, այդպիսի սպասումներ առաջացել էին հասարակության մեջ: Եվ եթե հիմա ամբողջական իշխանափոխության հարցով համաձայնություններ չեն կայանալու չորսի մեջ, այդ դեպքում էլի խնդիր չէ համագործակցությունը, բայց հասարակությանը պետք է տեղյակ պահվի, որ այդ համագործակցությունը ոչ թե իշխանափոխության խնդրի շուրջ է, այլ այս կամ այն խնդրի:
Էմմա Պալյան