Araratnews.am-ը ամանորյա հարցազրույցների շարք է սկսել հայ հայտնիների, քաղաքական գործիչների հետ: Մեր զրուցակիցն է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, պատգամավոր Լիլիթ Մակունցը:
Տիկին Մակունց,ինչպե՞ս եք նշելու այս տարի Ամանորը:
Կնշեմ ընտանիքիս հետ, նաև ընկերների հետ կվայելենք Երևանի բացօթյա տոնակատարությունը:
Նախորդից այն ինչո՞վ է տարբերվելու:
Հնարավոր է՝ չհավատաք, բայց անցյալ Ամանորը նույնիսկ չեմ հիշում, շատ լարված ամիսներ էին նախորդել: Հիշում եմ միայն, որ ընտանիքիս հետ 12:00-ին միմյանց շնորհավորելուց հետո քնել եմ:
Այս տարի որոշել եմ տարին ավելի աշխույժ դիմավորել: Տարբերվելու է նաև նրանով, որ մեր ընտանիքում կա նոր անդամ՝ 3 ամսական Գայանեն՝ եղբորս փոքրիկը:
Հատուկ կերակրատեսակ, խմիչք կա՞ կամ ավանդույթ, որին հետեւո՞ւմ եք:
Ունենք ավանդույթ նոր տարուց առաջ մի նոր բան գնել, լինի դա սպասք կամ որևէ այլ բան: Ես ինքս ամեն տարվա վերջ մի բան եմ նվիրում ինձ բոլորովին անծանոթ մեկ մարդու:
Հիշարժան ուրախ Ամանորը Ձեր կյանքում:
90-ականներին էր, չեմ հիշում կոնկրետ տարին, մի ամբողջ օր էլեկտրաէներգիայով Նոր տարին դիմավորելն իրական երջանկություն էր:
Երբեւե եղե՞լ է, որ ձեր մտերիմիների համար Ձյունանուշիկի կերպարով հանդես եկած լինեք:
Ո՛չ (ժպտում է-հեղ.):
Ինչպիսի՞ն է Ձյունանուշն առանց Ձմեռպապի:
— Հավանաբար այնպիսին, ինչպիսին Ձմեռ պապն առանց Ձյունանուշի (ժպտում է-հեղ.)
Ամանորյա նվերները Դո՞ւք եք ընտրում, թե՞ վստահում եք ուրիշին:
Ես եմ ընտրում միշտ, սիրում եմ դա ինքս անել:
Ձեր մասնակցությունը՝ ամանորյա սեղանի պատրաստմանը կամ ամանորյա գնումներին:
Աշխատում եմ հնարավորինս մասնակցել: Իմ մոտեցումը բոլոր միջացառումներին պատրաստվելիս այն է, որ տոնը չպետք է դառնա բեռ, այն չպետք է նեղվածություն առաջացնի, ուրեմն՝ պետք է ավելի շատ կենտրոնանալ տրամադրություն ստեղծելու վրա:
Ինչպիսի՞ նվերներ եք սիրում ստանալ եւ տալ Ձեր հարազատներին:
Գնում եմ պրակտիկ նվերներ, երբեք հարազատների համար չեմ գնում հուշանվեր: Իսկ նվերներ ստանալու առումով քմահաճ չեմ:
Ինչքա՞ն գումար եք ծախսում Ամանորին:
Չեմ սիրում այդ հարցը (ժպտում է-հեղ.):
Ձեր մանկության Նոր տարին եւ այսօրվանը շա՞տ է տարբերվում, այն ժամանակ էր տպավորիչ, թե հիմա,
ի՞նչն է ավելի կամ պակաս:
Մանկության Նոր տարիներն ուրիշ էին իհարկե, հեքիաթի սպասում կար: Բայց Ամանորի ոգևորությունս նույնն է: Հոգու խորքում միշտ ինչ-որ հեքիաթի սպասում կա:
Ո՞ւմ եք առաջինը զանգահարում, շնորհավորում Ամանորի գիշերը:
Նրան, ում ուզում եմ շնորհակալություն հայտնել տարվա ընթացքում կողքիս լինելու համար:
Ո՞ւմ եք առաջինը այցելում՝ Նոր տարին շնորհավորելու:
Տատիկիս:
Պատկերացնո՞ւմ եք Ամանորը՝ առանց բլինչիկի, խոզի բդի, տոլմաների, ստալիչնիի: Եթե այո, ապա
դրանց ինչը պետք է փոխարինի:
— Ես պատկերացնում եմ, ծնողներս՝ դեռ ոչ (ժպտում է-հեղ.):
2020 թ-ը սպիտակ առնետի տարի է: «Առնետից» ի՞նչ եք ակնկալում:
Կատուներից հեռու մնան (ժպտում է-հեղ.):
Ձեր ամանորյա մաղթանքը:
Անդորր, ներդաշնակություն և սեր եմ մաղթում: Այս երեքն այնպիսի տրամադրություն և մթնոլորտ են
ստեղծում, որ ամեն ինչ հնարավոր է դարձնում:
Սոնա Դավթյան