ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունում քննարկման առարկա է դարձել մինչև 50 տոկոս պետական բաժնեմաս ունեցող ընկերություններում պետական բաժնեմասի հետագա պահպանման նպատակահարմարության հարցը կամ դրանցում լիազոր ներկայացուցիչների ինստիտուտ ներդրման հարցը:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը գրություններով դիմել է լիազորված պետական կառավարման մարմիններին՝ մինչև 50 տոկոս պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկը, ինչպես նաև այդ ընկերություններում պետական բաժնեմասի հետագա պահպանման կամ դրանցում լիազոր ներկայացուցիչների ինստիտուտի ներդրման նպատակահարմարության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ում պետական բաժնեմասը կազմում է 49,02 տոկոս: Հաշվի առնելով, որ ընկերությունը հիմնադրումից մինչև օրս գործունեություն չի իրականացրել, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ընկերությունում պետական բաժնեմասի հետագա պահպանումը գտնում է ոչ նպատակահարմար և առաջարկել է, հիմք ընդունելով ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատիրոջ՝ «Անալիտիկսարք-մեկ» ՓԲԸ-ի համաձայնությունը, սկսել լուծարման գործընթաց: Համապատասխան որոշումը կկայացվի կառավարության՝ հինգշաբթի օրվա նիստում:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության համաձայն, ընկերության ակտիվներն իրենցից ներկայացնում են 22 հատ հիմնական միջոցներ՝ 9 միլիոն 794 հազար դրամ հաշվեկշռային արժեքով, 17 միլիոն 669 հազար դրամ այլ ոչ ընթացիկ ակտիվներ և 413 հազար դրամ այլ ընթացիկ ակտիվներ: Ընկերությունն անշարժ գույք չունի: