Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը հաղորդում է ուղարկել Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանին եւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ Գյումրու թատերական հրապարակից անհետացած եղեւնիների առնչությամբ,-այս մասին տեղեկացնում է galatv.am-ը: Նա այդ հաղորդումը նախօրոք տեղադրել է նաեւ ֆեյսբուքյան իր էջում, որտեղ գրում է. «Պարոնայք, Գյումրու թատերական հրապարակում` թատրոնի սանդղաշարին 2013 թ-ի դեկտեմբերի 1-ին տնկված մի քանի ծառեր անհետացել են դեկտեմբերի 4-ին… կարծում եմ` տեղի է ունեցել գողություն»: Նա խնդրում է ՀՀ գործող օրենսդրությամբ հաղորդումն ընդունել ի գիտություն եւ ձեռնամուխ լինել դրանից բխող գործողություններին՝ հանրությանն իրազեկելով դրանց մասին:
ԳԱԼԱ-ն «կորած» ծառերի առնչությամբ զրուցել է նաեւ Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի հետ: Վերջինս երաշխավորեց, որ գողություն չի եղել, եւ ինքը տեղյակ է տնկված եւ հանված եղեւնիներից:
-Պարոն Բաբակեխյան, դուք տեղյա՞կ եք, որ եղեւնիները անհետացել են Թատերական հրապարակից, ու՞ր են դրանք կորել: Գյումրու ավագանու անդամ Լ. Բարսեղյանը նաեւ հանցագործության մասին հաղորդում է պատրաստել եւ ձեզ էլ հավանաբար կուղարկի:
-Գյումրու թատերական հրապարակում գողություն տեղի չի ունեցել, Լեւոն Բարսեղյանին ասեք, որ դա ժամանակավոր բերել եւ հետ են տարել, թող իրանից բաներ չմոգոնի Լեւոն Բարսեղյանը:
-Պարոն Բաբակեխյան, այսինքն, եթե ձեզ գրավոր դիմեն, ընթացք չե՞ք տալու…
-Իհարկե` ոչ, որովհետեւ ես գիտեմ, որ գողություն չի եղել, իրա դիմելով չէ:
-Ի՞նչ է եղել, եթե գողություն չէ, որտե՞ղ են ծառերը:
-Ոչ մի բան չի եղել՝ բերել են ժամանակավոր տեղադրել են, գեղեցկացրել են հրապարակը, հետո հետ են տարել:
-Ո՞վ, պարոն Բաբակեխյան, ո՞վ է բերել-ո՞վ է տարել: Գյումրու քաղաքապետարանից ասում են` իրենք ո՛չ տնկելուց, ո՛չ հանելուց տեղյակ չեն:
-Քաղաքապետարանը չի եղել… ճիշտ են ասում:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ: