Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հանրակացարանում արտակարգ իրավիճակ է: 11 երեխա և մեկ չափահաս կին վարակիչ հիվանդությամբ են տառապում: Ախտակիրները Մուրադյանների ընտանիքի անդամներն են: Ամեն ինչ սկսվել է Մուրադյանների հարսից` 5 երեխաների մայր, 23-ամյա Աիդա Ստեփանյանից:
Թարախային բշտիկներ ամենաշատը փոքրիկ Նարեկի վրա են առկա, ախտահարված են երեխայի ոտքերը: Եղունգները փտել, թափվել են: Մուրադյանները սկզբում գնացել են ինֆեկցիոն, այնուհետև մաշկային հիվանդանոց: Ստացել համապատասխան ցուցումներ ու վերադարձել տուն: Այս մասին տեղեկացնում է Tsayg.am լրատվական կայքը: Վարակը, լրատվական աղբյուրների փոխանցմամբ, բժիշկների համար անհասկանալի է, քանի որ նման դեպք դեռևս չի գրանցվել:
Վարակի առնչությամբ գյումրեցիները մատնված են անտարբերության, և պետական համապատասխան մարմինները խնդրով լուրջ չեն զբաղվում:
ՀՀ հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Շիրակի մարզի բաժնի պետի տեղակալը AraratNews.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին դեռևս հստակ չէ, թե վարակակիրները ինչ հիվանդությամբ են տառապում և պարզ չէ նաև այդ հիվանդության վտանգավորության աստիճանը. «Առայժմ չունենք ինֆորմացիա, թե դա ինչ վարակ է, բայց զբաղվում ենք այդ խնդրով: Հիվանդությունը դեռևս մասնագետները ուսումնասիրում են»,- ասաց պարոն Գևորգյանը: Բաժնի պետի տեղակալը տեղեկացված չէր, թե այս պահին ինչ միջոցառումներ են ձեռնարկվել վարակի տարածումը կանխելու համար և խորհուրդ տվեց զրուցել պետի հետ, ով տեղում չէր. «Ես անձամբ չեմ զբաղվում այդ խնդրով: Չգիտեմ, թե իզոլացվել են արդյոք վարակիրները, թե ոչ: Լավ կլիներ այդ հարցով զրուցեիք բաժնի պետի հետ, բայց այս պահին նա տեղում չէ»,- եզրափակեց խոսքը պարոն Գևորգյանը: