Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հանրակացարանում արտակարգ իրավիճակ է: 11 երեխա և մեկ չափահաս կին վարակիչ հիվանդությամբ են տառապում:Մուրադյաններն են ախտակիրները: Ամեն ինչ սկսվել է Մուրադյանների հարսից` 5 երեխայի մայր, 23-ամյա Աիդա Ստեփանյանից: Թարախային բշտիկներ ամենաշատը փոքրիկ Նարեկի վրա են առկա, ախտահարված են երեխայի ոտքերը: Եղունգները փտել, թափվել են: Մուրադյանները սկզբում գնացել են ինֆեկցիոն, այնուհետև մաշկային հիվանդանոց: Ստացել համապատասխան ցուցումներ ու վերադարձել տուն: Այս մասին տեղեկացնում է Tsayg.am լրատվական կայքը: Վարակը, լրատվական աղբյուրների փոխանցմամբ, բժիշկների համար անհասկանալի է, քանի որ նման դեպք դեռևս չի գրանցվել:
Վարակի առնչությամբ գյումրեցիները մատնված են անտարբերության, և պետական համապատասխան մարմինները խնդրով լուրջ չեն զբաղվում: Սրանում համոզվեցինք նաև մենքˋ վարակակիրների մասին տեղեկություններ ճշտելու նպատակով փորձեցինք կապ հաստատել ՀՀ Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Շիրակի մարզի բաժնի հետ, սակայն մեր զանգերին պատասխանող չեղավ, իսկ տեսչության կենտրոնական բաժնից AraratNews.am-ին տեղեկացրին, որ աշխատանքային ժամն ավարտվել է, չնայած ժամը դեռ 5:30 էր, և խորհուրդ տվեցին կապվել իրենց հետ վաղը: Այս միջադեպը ևս մեկ անգամ ապացուցում է անտարբեր վերաբերմունքը, որ ունեն պետական մարմինները քաղաքացիների նկատմամբ:
Ի դեպ, բժիշկների և պետական մարմինների անտարբերությունից դժգոհում են նաև վարակակիրները, ովքեր տեղեկացված էլ չեն, թե ինչ հիվանդությամբ են տառապում: