տուն Լուրեր Գյուղացիներն անորոշության մեջ են. Վարկի գումարն անհետացել է

Գյուղացիներն անորոշության մեջ են. Վարկի գումարն անհետացել է

177
0

271212.1_5

Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակիչները հայտնվել են անելանելի իրավիճակում: Գյուղի 9 բնակիչներ «Կամուրջ» վարկային կազմակերպությունից խմբակային գյուղատնտեսական վարկ էին վերցրել: Վարկը մաս-մաս մարելու համար ստիպված են եղել պարբերաբար գնալ Էջմիածին, որպեսզի գումարը բանկի միջոցով փոխանցեն վարկատուին, քանի որ «Կամուրջ»-ը հրաժարվել է հասնել գյուղ` գումարը ստանալու:

Վարկառու խումբը գանձապահ է ընտրում գյուղապետարանի համակարգչային օպերատոր Տաթև Հարությունյանին, և նրա միջոցով վարկային վերջին` 3,5 միլիոն դրամը, ուղարկում Էջմիածին: Ճանապարհին` Չոբանքարայի խաչմերուկում, տաքսին, որի մեջ Տաթևն էր, վթարի է ենթարկվում: Տաթևն ու վարորդը տեղափոխվում են Էջմիածնի հիվանդանոց, այնուհետև` մայրաքաղաք: Վթարից հետո խմբի անդամները պարզում են, որ 3,5 մլն դրամն անհետացել է: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 29-ին:

Տաթևը գանգի վիրահատություն է տարել, նոր է գիտակցության եկել: Էջմիածնի ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում գումարը գտնելու համար: «Կամուրջ»-ից գյուղացիներին ասել են, որ գումարը չգտնելու դեպքում նրանք պարտավորված կլինեն նորից այդ գումարը վճարել:

Մենք փորձեցինք կապ հաստատել «Կամուրջ» վարկային կազմակերպության հետ, սակայն այնտեղից մեզ ասացին, որ համապատասխան մասնագետն այժմ արձակուրդում է: