Տրանսպորտի ուղեվարձի հետ կապված մի քանի անկախ հաշվարկներ են արվել և ապացուցվել, որ թանկացումն անհիմն է և քաղաքապետարանը կեղծել է հաշվարկը։ Ես փորձեմ այլ կողմից ևս նայել և ուրիշ հաշվարկ իրականացնել։
Ինչպես գիտենք տրանսպորտի ուղեվարձի թանկացման գծատերերի հիմնական և կարելի է ասել միակ հիմնավորումը այն է, որ բիզնեսը շահութաբեր չէ, և նրանք վնասով են աշխատում, նույնիսկ երկար տարիներ շարունակ։
Երևանում օրական տրանսպորտից օգտվում է մոտ 300000 մարդ կամ ավել, առնվազն 2 անգամ (վերադարձով)։ Այսինքն՝ 300000x50x2=30000000 դրամ օրական, դա, կարելի է ասել, այն գումարն է, որ գծատերերի՝ իրենց ասելով վնասով աշխատելու հետևանքով, վնասն է։ Ամսական 30×30000000=900000000 դրամ (համարյա 1 մլրդ դրամ) վնաս են կրում։ Կա մոտ 60 փոխադրող կազմակերպություն և ստացվում է նրանցից յուրաքանչյուրը (եթե համարենք, որ հավասար բաժանված է ոլորտը) 900000000/60=15000000 դրամ (դոլարի համարժեքով՝ $37000) վնաս է կրում ամսական։ Ու եթե դրան էլ ավելացնենք, որ նրանք պնդում են, թե 2008 թվականից այդ վիճակն է, ապա 5 տարվա մեջ ընդհանուր վնասը կկազմի 900000000x12x5=54000000000 դրամ (54մլրդ դրամ կամ 133 մլն դոլար)։ Թե ինչպես կարող է նման բիզնեսը աշխատել մի ամսից ավել և որ մի բիզնեսմենը կարող է թույլ տալ իրեն այդպիսի բիզնես, թողնենք յուրաքանչյուրիս վառ երևակայությանը, բայց կարծում եմ ոչ ոք չի կարող լուրջ վերաբերվել այն պնդմանը, թե վնասով են աշխատում այն էլ 5 տարի շարունակ, նրանք նույնիսկ մեկ ամիս չէին աշխատի այդպիսի վնասներով, իսկ եթե նույնիսկ համարենք, որ դա ճիշտ է, ապա շատ լուրջ հարց է առաջանում, որտեղից այդ մարդկանց այդքան ազատ գումար, որ իրենց թույլ տան նման շռայլ վնասներ կրել։
Հարցն ունի նաև երկրորդ կողմը․ Երևանի բնակիչներն ամսական առնվազն 1 մլրդ դրամ են տնտեսում, հակառակ դեպքում այդ գումարը պետք է տան գծատերերին։
Կարեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից