Սեպտեմբերի 6-ին Վայոց ձորի մարզում կնշվի Գլաձորի համալսարանի հիմնադրման 735-ամյակը։ Ժամը 15։00-ին Թանահատի վանական համալիրում օրհնության կարգ կկատարվի ու պատարագ կտրվի։ Հոգևոր և աշխարհիկ կատարումներով հանդես կգա «Գեղարդավանք» երգչախումբը (գեղ․ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյան, խմբավար` Անահիտ Պապայան):
Միջոցառումները կշարունակվեն Եղեգնաձորում։
Ժամը 17։ 00-ին Եղեգնաձորի մշակույթի տան հարակից տարածքում առանձին տաղավարով կներկայանա Եղեգնաձորի երկրագիտական թանգարանը, խաչքարագործ, կավագործ վարպետների աշխատանքների ցուցադրություն կլինի։ Կանցկացվեն նաև վարպետաց դասեր։ Իրենց աշխատանքները կներկայացնեն մանրանկարչության վարպետները, ծղոտագործները։ Այս մասին հայտնում են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից:
Միջոցառմանը կմասնակցի նաև «Տերյան» մշակութային կենտրոնը, «Օրրան» բարեգործական կազմակերպությունն էլ աշխատանքների ցուցահանդես-վաճառք կիրականացնի։ Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողները փայտի փորագրության աշխատանքների ցուցադրություն կկազմակերպեն, գինու, քաղցրեղենի համտես կլինի։
Ելույթ կունենան մարզի պարային համույթները։ Կցուցադրվի Գլաձորի համալսարան․ «Երկրորդ Աթենք Պանծալի» փաստավավերագրական ֆիլմը։