Սոցիալական ցանցերի հեղինակությունը գիտնականներին ստիպում է նորանոր հետազոտություններ անցկացնել՝ պարզելու, թե ինչպես են դրանք ազդում մարդու վրա։ Այս հարցի շուրջ մասնագետների եզրակացությունները հիմնականում բացասական են, և դա հատկապես վերաբերում է կանանց։ Այս մասին գրում է Meddaily-ն։
Այսպես, գիտնականները բացահայտել են, որ Facebook սոցիալական ցանցի օգտագործումը բացասական ազդեցություն է ունենում աղջիկների ինքնագնահատականի, մասնավորապես, սեփական կազմվածքի վերաբերյալ պատկերացումների վրա։
Գիտնականները հարցում են անցկացրել 881 ուսանողուհիների շրջանում և պարզել, որ նրանցից յուրաքանչյուրը միջին հաշվարկներով օրական շուրջ 80 րոպե սոցցանցում է անցկացրել։ Նրանք հիմնականում հետևել են իրենց ֆեյսբուքյան ընկերներին։
Այսպես, որքան շատ են նրանք անցկացրել սոցցանցում, այնքան ավելի շատ դեպքեր են գրանցվել, երբ աղջիկներն իրենց համեմատել են մյուսների հետ։ Ընդ որում, այդ համեմատությունն ամենևին էլ չի եղել նրանց օգտին։ Հետազոտության մասնակիցների միջին քաշը կազմել է 67,59 կգ, սակայն նրանք 9 կիլոգրամ ավելի թեթև քաշ ունենալու ցանկություն են հայտնել։