Ռուսաստանի ազգային տնտեսության ակադեմիայի (РАНХиГС) կայքում տպագրված՝ «Ռուսաստանում քաղաքային միջավայրի զարգացման հեռանկարները և դրա հարմարեցումը COVID-19-ի հետևանքներին» զեկույցի հեղինակները հայտարարել են, որ կորոնավիրուսը քաղաքների հիվանդություն է:
Հետազոտողները նշել են, որ գրեթե բոլոր երկրներում հիվանդության օջախը ձևավորվում է խոշոր քաղաքներում: Եվ միայն դրանից հետո վիրուսը տարածվում է դեպի ծայրամասեր:
Գիտնականների խոսքերով, հատկապես դա է պատճառը, որ COVID-19-ի տարածումը հրահրել է բնակչության արտահոսքը խոշոր քաղաքներից դեպի արվարձաններ:
«Հասարակության գիտակցության մեջ աճել է բնակչության համեմատաբար ցածր խտություն ունեցող տարածքներում ապրելու կամ «պահուստային» բնակարանների առկայության արժեքը»,- համոզված են РАНХиГС-ում։
Զեկույցի հեղինակները կարծում են, որ համավարակի վախը դեռ երկար կմնա մարդկանց հավաքական հիշողության մեջ: Նրանք վստահ են, որ այս առումով ռուսները կփոխեն իրենց պահանջները կացարանի բնութագրերի նկատմամբ: Այսպիսով, հետազոտողները կանխատեսում են քաղաքացիների հետագա տեղափոխում երկրի «հատկապես ավելի բարենպաստ կլիմայով հարավային շրջաններ»: