Այսօր՝ հունվարի 9-ին, լրանում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 75-ամյակը: Պետական գործչի կենսագրությունը հարուստ է ուշագրավ փաստերով, շրջադարձային դիպվածներով:
Լևոն Տեր-Պետրոսյանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում՝ 1945 թվականի հունվարի 9-ին: ՀՀ առաջին նախագահը մասնագիտությամբ արևելագետ է՝ բանասիրական գիտությունների դոկտոր։ Ավարտելով Երևանի պետական համալսարանի ռազմագիտական ամբիոնի քառամյա դասընթացները՝ ստացել է ռազմական թարգմանչի մասնագիտացում։
Ապագա առաջնորդը 1972-1978 թթ. աշխատել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 1978-1985 թթ. վարել է Մատենադարանի գիտնական-քարտուղարի պաշտոնը, միաժամանակ լինելով «Բանբեր Մատենադարանի» հանդեսի խմբագրական մարմնի անդամ և պատասխանատու քարտուղար: 1985-ից՝ նույն հաստատության ավագ գիտաշխատող է (2001–ից՝ հասարակական կարգով):
Հետաքրքրական է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը 1982-1988 թթ. համատեղության կարգով «Հայ եկեղեցական մատենագրություն» առարկան է դասավանդել Մայր Աթոռ ս. Էջմիածնի հոգևոր ճեմարանում: Նրա աշակերտների թվում են Հայոց եկեղեցու բազմաթիվ բարձրաստիճան հոգևորականներ՝ Պարգև, Եզրաս, Միքայել, Աբրահամ, Նաթան, Վազգեն, Սեպուհ, Ասողիկ, Նավասարդ սրբազանները և այլք:
Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական ակտիվությունն սկսել է 1960-ական թվականներին ծագած ուսանողական խմորումների ժամանակ։ Գործուն մասնակցություն է ունեցել Արցախյան շարժմանը, Արցախյան ազատամարտին, ղեկավարել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, ապա 1991 թվականին ընտրվել Հայաստանի նորաստեղծ Հանրապետության նախագահ։ 1996 թ. սեպտեմբերի 22-ի նախագահական վիճահարույց, բայց միջազգային դիտորդական առաքելությունների կողմից օրինական ճանաչված ընտրությունների արդյունքում, քվեների 51,75%-ով վերընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում:
1998 թ. փետրվարի 3-ին, ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի և անվտանգության ու ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանի հետ ունեցած սկզբունքային տարաձայնությունների պատճառով և երկիրը ներքաղաքական ցնցումներից զերծ պահելու նկատառումով, հրաժարվել է ՀՀ նախագահի պաշտոնից:
Ավելի ուշ, 2007 թ. աշնանը մի շարք քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու: Իսկ, ահա, 2008 թ. փետրվարի 19-ին կայացած ընտրություններում պաշտոնական տվյալներով ստացել է 21,51 տոկոս ձայն: Հավելենք նաև, որ 2013 թ. ապրիլի 13-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվել է «Հայոց համազգային շարժման» իրավահաջորդը հանդիսացող «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության նախագահ:
Like this:
Like Loading...