«Կաշկանդվածություն չեմ ունենալու ընտրվելու դեպքում»: ԱԺ նիստում այսօր հայտարարեց ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրված թեկնածու Արամայիս Փաշինյանը՝ արձագանքելով պատգամավոր Արման Բաբաջանյանի դիտարկմանը, որ ԲԴԽ-ն այն կառույցն է, որը հանրության շրջանում վստահություն չի վայելում:
«Կարծում եմ՝ ամեն պետական պաշտոնյա և քաղաքացի պետք է երազանք ունենա՝ հզոր, ուժեղ, բարեկեցիկ երկրի տեսլական, և գործունեության հիմքում այդ երազանքը դնի՝ ի թիվս մասնագիտական չափանիշների»,- արձագանքեց Փաշինյանը։
Արման Բաբաջանյանը նկատեց. «Դուք շատ լավատես եք, պարոն Փաշինյան: Նրանք, ովքեր հարստահարում և կեղեքում էին երկիրը, երազանքի անունից էին նաև հանդես գալիս և այդ ամենը որպես մեծ հերոսություն փաթեթավորում: Ուզում եմ գիտակցեք, թե ուր եք գնում և ինչ «ակուլաների» հետ եք գործ ունենալու, որովհետեւ նրանք, ովքեր կարող են իրենց թույլ տալ ներկայումս կոռուպցիա… այսօր համակարգային կոռուպցիա չունենք, բայց եթե աչքներս թարթենք, հասկանալի է, որ այն պաշտոնյաները, որոնք կարոտում և երազում են նախկին ժամանակները, շատ արագ ընթացքը կարող են այդ հունով տանել: Սա որպես ռեպլիկ, ավելին չեմ ասի»:
Արամայիս Փաշինյանը պատասխանեց. «Խորապես գիտակցում եմ և այդ գիտակցմամբ եմ ընդունել ԲԴԽ առաջարկը»: